Վրաստանի խորհրդարանում սկսվել են Ուկրաինայում տիրող ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ բանաձևի մշակման աշխատանքներն ու, ամենայն հավանականությամբ, օրենսդիր մարմինը բանաձեւը կքննարկի աշնանային նստաշրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով newsgeorgia.ru-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դոլիձեն:

 

«Ես կարծում եմ, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները և Ռուսաստանի ռազմական միջամտությունը, ռուսական տանկերը, ռուսական զորքերը նշանակում են, որ այդ պայքարը մտել է վճռորոշ փուլ, և Ուկրաինային այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է միջազգային հանրության հստակ, արդյունավետ և կոնկրետ աջակցությունը»,- հայտարարել է Դոլիձեն' հավելելով, որ բանաձևի տեքստի վրա աշխատանքն արդեն տարվում է, և այն կընդունվի խորհրդարանի աշխատանքի առաջին շաբաթվա ընթացքում: