Հնարավո՞ր է այսօր Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն գտավ համագործակցության եզրեր իշխանությունների հետ, հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Խաղաղ իշխանափոխության հարցում, այո»: Նա չբացատրեց խաղաղ իշխանափոխություն ասելով ինչ նկատի ունեն, բայց վստահեցրեց, որ Ր. Հովհաննիսյանը հետ չի կանգնելու իր պահանջներից: Մեր ճշտող հարցին, թե նախագահի հետ հանդիպումը որեւէ նշանակություն չի՞ ունենա Հովհաննիսյանի պահանջների ու հետագա քայլերի վրա, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Այս հանդիպումը կարեւոր հանդիպում էր, որի վերաբերյալ պարոն Հովհաննիսյանը վաղը կտա մեկնաբանություն»: Նա վստահեցրեց, որ հանդիպման մանրամասները չգիտի, որովհետեւ պարոն Հովհաննիսյանը ոչ մեկի չի տեղեկացրել, թե ինչ են քննարկել. «Որեւէ տեղեկություն չունեմ, եթե ինչ-որ մեկը տեղեկություն տարածի, ամբողջովին գուշակությունների դաշտից է լինելու, որովհետեւ ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ էլ Սերժ Սարգսյանը չեն մեկնաբանել այդ հանդիպումը»: Նա նաեւ չպատասխանեց, թե ինչու այսօր Ր. Հովհաննիսյանը իրեն սպասող քաղաքացիներին ցրեց՝ առանց ինչ-որ բան ասելու եւ այդ ինչ կարեւոր հանդիպման էր նա շտապում: «Վաղը հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը ամեն ինչ կասի»,- հիշեցրեց պարոն Մարտիրոսյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ