Թեև Ռիո 2016-ի ամառային օլիմպիական խաղերը Հայաստանի ցուցաբերած արդյունքների առումով միանշանակորեն կարելի է ռեկորդային համարել, բայց, որքան էլ ցավալի լինի, փաստ է, որ դրանք բացառապես դրական հուշեր չէ, որ թողեցին մեզանում. աշխարհն է տեղյակ մեր ըմբիշի՝ Միհրան Հարությունյանի հետ տեղի ունեցած անարդարությանը, բոլորին է ցնցել այն, ինչ կատարվեց քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Հայաստանը ներկայացնող մարզիկի հետ:
Եվ ահա այս առումով վերջին շրջանում հիմնական հարցը, որ ոմանք փորձում են պարբերաբար բարձրացնել, այն է, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը համապատասխան քայլեր չի ձեռնարկում՝ վիճարկելու օլիմպիական խաղերի վերջնաարդյունքներն ու ինչու ջանք չի թափում՝ կոտրված արդարությունը վերականգնելու ու Միհրանին իր վաստակած ոսկին հետ վերադարձնելու համար:
Նախ, ինչպես Գագիկ Ծառուկյանն էր իր վերջին հարցազրույցում դիպուկ կերպով նկատել, բացարձակապես ոչ ոք իրավունք չունի կարծելու, որ, եթե դույզն ինչ հնարավորություն լիներ սկսելու գործընթաց՝ մենամարտի արդյունքները վերանայելու, ապա, ասենք, նույն ՀԱՕԿ-ը չէր անի ամեն ինչ Հայաստանի գողացված սեփականությունը հետ վերադարձնլու համար. սա աքսիոմատիկ ու անվիճարկելի ճշմարտություն է. ՀԱՕԿ-ն իր երկարամյա գործունեությամբ է ապացուցել, որ տեր է հայ մարզիկներին մինչև վերջ ցանկացած իրադրությունում ու որ վճռակամ է բոլոր հնարավոր միջոցներով նրանց պաշտպանելու, երկրի շահերը համաշխարհային սպորտում առաջ տանելու հարցում:
Իսկ Հայաստանի լռությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս, ցավոք, համաշխարհային սպորտում չեն վերացվել այն խութերն ու բացթողումները, որոնց պատճառով անհնար է դառնում արդյունքների վիճարկումը, ու թեկուզ միջուկային գերտերություն էլ լինես, չես կարող կասկածի տակ առնել մրցավարների որոշումները: Ասվածի փայլուն ապացույցը, թերևս, կարելի է համարել Ռիոյի խաղերի ընթացքում տեղ գտած անարդարություններն այնպիսի երկրների հավաքականների ու մարզիկների նկատմամբ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, Մոնղոլիան և այլն, որոնք ևս, ինչպես և Հայաստանը, ստիպված եղան բախվել անարդարության պատին:
Հաջորդ կեղծ թեզը, որ առաջ է քաշվում ոմանց կողմից, այն է, թե ինչպես պատահեց, որ մերոնք՝ ի դեմս երկրի նախագահի ու ՀԱՕԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի, գտնվելով դահլիճում, ոչ մի կերպ ի վիճակի չեղան ներազդելու մրցավարի կողմից թույլ տրված սանձարձակ պահվածքի վրա: Այս առումով ևս, պետք է ասել, Ծառուկյանի հարցազրույցում հնչած պատասխանը սպառիչ էր. չնայած ապրումները խիստ բուռն էին ու ցավալի, բայց պետք չէ մոռանալ, որ մարդիկ երկիր էին ներկայացնում ու, անկախ ամեն ինչից, պարզապես չէին կարող պոռթկալ, չէին կարող ավելորդություններ թույլ տալ:
Սպորտի միջոցով աշխարհի երկրներն իրենց համար համապատասխան «իմիջ» են ձևավոում, իսկ դահլիճում մերոնց սխալ պահվածքը կարող էր հակառակ ազդեցությունն ունենալ՝ ստվեր նետելով Հայաստան պետության վրա: Ինչ վերաբերում է մեր մարզիկի՝ ոսկուն իրապես արժան լինելուն, ապա դրանում ոչ ոք առանձնապես աշխարհում չի կասկածում. մեր հաղթանակը նաև լռությամբ փաստվեց, ինչը շատ ավելի ազդու եղավ, քան կարելի էր անգամ ենթադրել:
Այնպես որ, անկախ այն բանից, թե ինչպիսի բացթողումներով ու անարդարություններով Ռիոյի 2016թ.-ի խաղերն ուղեկցվեցին կամ աչքի ընկան, անխոս, օլիմպիական խաղերը նախևառաջ համամոլորակային տոն էին, տոն, որ հավերժացավ Հայաստանի փայլուն ձեռքբերումներով ու նվաճումներով:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ