Ներկայում Արզնի-Շամիրամ ջրանցքի վրա ՀԷԿ կառուցելու մասին խոսք չի գնում: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը' հաստատելով ավելի վաղ «Արմենպրես»-ի հայտնած տեղեկությունը, որ ջրանցքի վրա ընդամենը կատարվում են վերանորոգման աշխատանքներ եւ այս պահին ՀԷԿ չի կառուցվում: Նախարարի խոսքով' ՀԷԿ կառուցելու համար անհրաժեշտ է լիցենզիա, որը տրամադրվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: «Այս պահին գործընթաց է գնում այդ լիցենզիան ստանալու համար, որը տրամադրվում է ջրի օգտագործման թույլտվությունը ստանալուց, տարբեր բնապահպանական և այլ փորձաքննություններ անցնելու հետո: Մեր նախապայմանը եղել է հետևյալը' անկախ նրանից' ՀԷԿ-ը կկառուցվի թե ոչ' մենք ջուր օգտագործելու թույլտվություն տալիս ենք միայն արագահոս համակարգի վերակառուցման դեպքում, որով ջուր է մատակարարվում Արարատյան դա շտին: Անկախ էներգետիկ ծրագրի իրականացումից' արագահոս համակարգը պետք է վերակառուցվի»,- ասաց Գևորգյանը:
Նրա խոսքով' այդ էներգետիկ ծրագրի իրականացման գաղափարները միշտ եղել են, բազմիցս տարբեր ընկերություններ դիմել են կառավարությանը' ծրագրի իրականացման համաձայնություն ստանալու համար: Ըստ Գևորգյանի' եղել են ընկերություններ, որոնք ունեցել են լիցենզիա, սակայն ծրագրերը չեն իրականացվել, քանի որ չեն իրականացվել որոշակի նախապայմաններ, մասնավորապես, չի վերակառուցվել արագահոս համակարգը: «Մեր պայմանը եղել է հետևյալը' էներգետիկ ծրագիրը պետք է իրականացվի ոռոգման ռեժիմին համապատասխան և վերակառուցվի արագահոս համակարգը, որն ամբողջությամբ քայքայված է»,- ասաց փոխվարչապետը:
Խոսելով էներգետիկ ծրագիր իրականացնել ցանկացող ընկերության մասին' Արմեն Գևորգյանն ասաց, որ այն պատրաստակամություն է հայտնել տարբեր ծրագրեր իրականացնել նաև համայնքներում, լուծել սոցիալական խնդիրներ, ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր, ինչը նույնպես կարևոր նշանակություն ունի: «Այգիները չորացնելու կամ գյուղատնտեսությանը վնաս հասցնելու մտադրություն ոչ ոք չէր կարող ունենալ, այդ առումով բոլորը պետք է վստահ լինեն: Ծրագիրն իրոք վտանգավոր չէ: Բոլոր հանգամանքները պարզելու համար ստեծվելու է հատուկ հանձնաժողով, որը նաև ներգրավելու է միջազգայ ին փորձագետների, որոնք քննարկելու են ծրագիրը' պարզելու' արդյոք կա՞ն խնդիրներ և վտանգներ»,- ասաց փոխվարչապետը:
Միաժամանակ, փոխվարչապետը պարզաբանեց, որ Ապարանի 90 մլն խմ տարողությամբ ջրամբարում տարեկան կուտակվում է 60-80 մլն խմ ջուր: Այն օգտագործվում է երկու նպատակով' ջուր մատակարարել գյուղատնտեսությանը, իսկ լրացուցիչ ջուրը որպես դոտացիոն ռեսուրս տեղափոխվում է Արարատյան դաշտ Արզնի-Շամիրամ ջրամբարով: Ըստ Գևորգյանի' ջրամբարին հարակից համայնքների այգիներին տարեկան մատակարարվում է ընդամենը 18 մլն խմ ջուր:
«Միշտ եղել է գաղափար, որպեսզի այդ արագահոսը վերակառուցվի և այնտեղ իրականացվի էներգետիկ ծրագիր, քանի որ ջուրը բաշխվելու է միայն ոռոգման ռեժիմին համապատասխան: Անհանգստությունը, որ ջուրը կարող է սպառվել և օգտագործվել միայն ՀԷԿ-ի համար, տեղին չէ և հիմնավորված չէ»,- ասաց փոխվարչապետը:
Արմեն Գևորգյանը միաժամանակ ցավով նշեց, որ խնդրի շուրջ իրականացվում է կազմակերպված քարոզչություն, քանի որ բնակիչների փողոց դուրս գալու հետ մեկտեղ այնտեղ անմիջապես հայտնվեցին տարբեր հեռուստաընկերություններ և լրագրողներ: