ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը մեր ժողովրդի մի մասի մոտ հույսեր է առաջացրել, որ մեր երկրի կյանքում խիստ անհրաժեշտ բարեփոխումները, որոնց մասին հանրապետության նախագահը և ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ հայտարարել են ու խոստումներ տվել, վերջապես կդառնան իրականություն:
Միաժամանակ թերևս բոլորիս համար էլ պարզ է, որ զբաղեցրած պաշտոններում իրենց, մեղմ ասած, չարդարացրած պաշտոնյաներին համակարգի ներսից նրանց նման այլ պաշտոնյաներով փոխարինելով, սպասվող արդյունքը չենք ունենալու:
Անհրաժեշտ են համակարգի համակարգային և փոփոխություններ` կադրային արմատական փոփոխություններից սկսած, մինչև պետական տարբեր պաշտոնյաների ու մարմինների լիազորությունների ու պարտականությունների վերանայում, օրենսդրության խստացում և իրական բարեփոխում: Բնականաբար, հարց է առաջանում' իսկ երբ համակարգը փոխվի, համակարգը չի՞ ընդվզի…
Ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների ու ԶԼՄ-ների հրապարակումների, առաջիկայում սպասվում են նախարարների, մարզպետների և այլ պաշտոնյաների մեծամասշտաբ փոփոխություններ: Միանգամայն ենթադրելի է, որ սա, ԶԼՄ-ների հրապարակումներից էլ դեո ավելի շուտ, հայտնի է հիշյալ պաշտոնյաներին: Իսկ նրանք, ախր, գրեթե առանց բացառության, մեկը մյուսի հետ կապված են, կապված են տնտեսական, բիզնես կապերով, կապված են կոռուպցիոն կապերով քավոր-սանիկ, խնամի-բարեկամ կապերով, ոչ քիչ դեպքերում նաև` հարազատական, արյունակցական կապերով, ինչպես նաև պարզապես ընկերական կապերով:
Նախարարներն ու փոխնախարարները, վարչությունների ու բաժինների պետերը, պետական տարբեր հաստատությունների նախագահներն ու տնօրենները, ԱԺ պատգամավորներն ու այս հաստատության այլ աշխատակիցներ, մարզպետներ ու քաղաքապետներ, դատավորներ ու դատախազներ, քննիչներ ու բարձրաստիճան ոստիկաններ, հարկային տեսուչներ ու մաքսավորներ, այսինքն` բոլորը կամ գրեթե բոլորը վերոնշյալ կապերով կապված են միմյանց հետ, և այդ բարդ կապերը հիշեցնում են մի գորդյան հանգույց: Այդպիսի կապերով հատկանշվող համակարգի կազմաքանդումը և նոր համակարգի ձևավորումը, որը կառաջնորդվի ոչ թե նշված կապերով ու շահերով, այլ համազգային ու համապետական, և որի համար առաջնայինը կլինի այս վերջին շահերից բխող օրենսդրության բարեփոխումը ու դրա պահանջների անշեղ կատարումը, թեև ոչ անհնար, բայց շատ դժվար ու ռիսկային գործ է: Սակայն, համակարգի համակարգային և արմատական փոփոխությունների իրականացումն այլընտրանք չունի, և հանրապետության նախագահն էլ, նորանշանակ վարչապետն էլ կարծես գիտակցում են այս իրողությունը: Գիտակցում են, որ այդ անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը ոչ միայն իրենց պատվի ու հեղինակության, ոչ միայն հաջորդ տարի խորհրդարանի ընտրություններում ՀՀԿ-ի հաջողության կամ ձախողման, այլև, առանց չափազանցության, ձեռքից գնացող Հայաստանի, որպես պետության, փրկության հարցն է (սա հիմնավորելու համար չհրապարակեմ տեղեկություններ, որոնց հրապարակումը վնաս կպատճառի մեր ազգային անվտանգությանը, պետական շահերին):
Իհարկե, անկախ վերը նշվածից, միայն ժամանակը վերջնականապես ցույց կտա, թե Կարեն Կարապետյանը կգնա՞ համակարգի համակարգային և արմատական փոփոխությունների, թե ոչ, բայց որ պատրաստվում է գնալ, դրա նախանշաններն արդեն երևում են: Կարծում եմ, այդ նախանշաններից մեկը երեք օր առաջ, երբ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օրն էր, պատգամավորների կողմից Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակվելու կապակցությամբ չշնորհավորելն էր դահլիճում, այսինքն' հրապարակայնորեն, ի տես հասարակության: Հաջորդ օրը` սեպտեմբերի 15-ին, երբ նորանշանակ վարչապետն առաջին անգամ էր ներկայացել կառավարության նիստին, վերջինիս անդամները նույնպես չեն շնորհավորել Կարեն Կարապետյանին, միակ բացառությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է եղել: Ի՞նչ է` նրանք բոլորը մոռացե՞լ էին շնորհավորել, թե այսպիսով իրենց վերաբերմունքը ցույց տվեցին:
Չկա՞ արդյոք մտավախություն, որ համակարգի դրսից համակարգ կադրեր բերելու դեպքում, որոնք, ենթադրվում է, պետք է լինեն իրենց չարատավորած, ազնիվ, հայրենասեր ու բանիմաց, միաժամանակ զսպաշապիկ հանդիսանան համակարգի ներսում գտնվող շատ-շատերի համար, փոփոխությունների շունչն զգացող ու դեռ ամբողջապես չփոխված համակարգն ընդվզելու է, հներն առնվազն խանգարելու են նորերի աշխատանքին: Պատասխանելով այս հարցիս, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասաց.
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս փուլում լուրջ անջրպետ, խզում կա հասարակության և իշխանությունների միջև, և հասարակությունը բավական լուրջ ճնշման մոդել է կիրառում իշխանությունների նկատմամբ: Նախագահը գնացել է բավական լուրջ ռիսկի: Ովքեր համակարգի ներսում գտնվելով հանդերձ, հետապնդել են հիմնականում անձնական շահ, նրանց համար «պետական և ազգային շահ» հասկացությունն ընդհանրապես ընկալելի չի եղել, ստորադասել են պետական և ազգային շահերն իրենց անձնական շահերին, դրա համար այսօր ոչ միայն իշխանավորներ են, այլ նաև օլիգարխներ, նրանք, բնականաբար, սկսելու են բավական լուրջ ճնշում գործադրել նոր ձևավորվող կառավարության, ինչու չէ, նաև' նախագահի վրա: Ամեն ինչ անելու են, որ ձախողվի փոփոխությունների այս ձեռնարկը, կարծում եմ, փորձելու են նաև այդ ընթացքում ինչ-որ կապերով կապվել ընդդիմության այն շերտերի հետ, որոնք պատրաստ են ինչ-որ բաների դիմաց հետագայում նրանց որոշակի հնարավորություններ տալ նորից շարունակելու իրենց գործունեությունը:
Այսինքն' նախագահը գնալով այս քայլին, շատ լավ հասկանում է, որ այժմ բացի հասարակական ճնշումից, իր վրա կլինի նաև համակարգի այն մարդկանց ճնշումը, ովքեր առաջիկայում կհայտնվեն իշխանության լծակներից դուրս կարգավիճակում, սակայն ունեն բավական լուրջ ֆինանսական հնարավորություններ, ունեն կապեր և կարող են ինչ-որ կերպ ազդել ընդդիմության գործունեության վրա' ակտիվացնելով նրան որոշակի երաշխիքների պայմանով: Ասածս վերաբերում է նաև նրանց, ովքեր համակարգի ներսում կմնան, սակայն կհասկանան կամ կզգան, որ իրենք ժամանակավոր են իրենց զբաղեցրած պաշտոններում:
Երբ սկսում ես պայքարել այն համակարգի դեմ, որը քեզ պահում է, այդ համակարգը սկսում է բավական լուրջ քայլեր կատարել քո դեմ: Սա առավել ևս հնարավոր է ներկայիս պայմաններում, երբ հասարակության մի ստվար հատված հերոսացնում է երեք ոստիկանի սպանած զինված խմբի անդամներին, իսկ իշխանությունները չունեն հասարակության մեծ մասի վստահությունը և աջակցությունը: Տեղից արդեն կա հասարակության ճնշումն իշխանության նկատմամբ, հիմա այն ավելանալու է նաև նշածս առումով:
Իրենք արդյոք կարողանալո՞ւ են դիմակայել այդ ճնշմանը: Կարծում եմ, միայն մի պարագայում կկարողանան, եթե համակարգ ներգրավեն, առանցքային պաշտոնների նշանակեն իսկապես ազնիվ, հայրենասեր, բանիմաց ու համարձակ մարդկանց, և համակարգի ներսում մնացածներից ամեն մեկն իր կողքին տեսնելով նրանց ներկայությունը, զգա, հասկանա, որ նախագահի, վարչապետի և դրսից համակարգ մտած նոր մարդկանց դեմ իրենք ընդվզել չեն կարող, պարզապես տուժելու են»:
Ըստ Գառնիկ Իսագուլյանի, հիմա եթե նախագահի և նորանշանակ վարչապետի համարձակությունը կբավարարի այդ քայլին գնալ, կհաջողեն, բայց պետք է նաև զգուշանան իրենց նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունից կամ հաշվեհարդարից, որին այս համակարգն ունակ է: Դրա համար էլ, ըստ հիշյալ կուսակցության նախագահի, այդ փոփոխությունները պետք է շատ արագ կատարվեն:
Արթուր Հովհաննիսյան