ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

 

-Պարոն Սաֆարյան, Արցախում անցկացվեց Սահմանադրության հանաքվե, որին այո ասաց  ընտրողների մեծամասնությունը՝  87, 6 տոկոսը: Ի՞նչ է տալու նոր Սահմանադրությունն Արցախին:


-Նախ, ուզում եմ շնորհավորել Արցախի ժողովրդին՝ հանրաքվեի կապակցությամբ: Նրանք, ովքեր կողմ չեն քվերակել, գուցե, տխրած լինեն, բայց ուզում եմ հավատալ, որ Արցախի նոր Սահմանադրությունն ավելի կուժեղացնի ժողովրդավարական ինստիտուտները՝ չնայած անցում է կատարում դեպի ուժեղ նախագահական պետություն: Անհնար է չնկատել մի բան՝ ՀՀ և Արցախի սահմանադրական փոփոխությունները պետք է գնահատել որպես մեկ ամբողջական փոփոխություն: Իհարկե, կարող է պարադոքսալ թվալ, երբ ՀՀ-ն անցում է կատարում խորհրդարանական համակարգին,  իսկ Արցախը գնում է դեպի սուպերնախագահական կառավարման համակարգ: Ես չեմ ուզում հերքել քննադատություններն այն մասին, որոնք նշում էին, որ սա կատարվել է նախագահի վերարտադրության համար, բայց արդյո՞ք միայն դա էր պատճառը, բնականաբար՝ ոչ: Նախ՝ անվան փոփոխությունը՝ ԼՂՀ-ն դառնում է Արցախի Հանարապետություն: Սրանով գիծ է քաշվում կոնֆլիկտի և հակամարտության նախկին հայեցակարգերի վրա և այժմ անվանակոչվում է ոչ միայն հայերեն, այլ այն անվանումով, որն ավելի մեծ տարածք է ընդգրկում, քան ԼՂՀ-ն:

 

-Օրերս ԼՂՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ Արցախի նոր Սահմանադրությունը կոնֆլիկտի լուծման հարցում որևէ բան չի փոխի: Ի՞նչ պատկեր ունենք՝ հաշվի առնելով այն, որ Արցախի հարցի կարգավորման հարցում մեծ է նաև Ռուսաստանի դերակատարությունը:



-Ես գուշակում եմ,  թե ինչու է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նման հայտարարություն արել: Իհարկե՛, սա բան փոխում է, եթե հայկական կողմը ոչ միայն անվան, այլ նաև կոնցեպցիայի առումով կարողանա քաղաքական քայլեր կատարել:

 

-Կկարողանա՞ արդյոք Հայաստանը դա անել:


-Մենք ունենք շատ մտավախություններ՝ հենց այդ առումով: Կան շատ խնդիրներ, որոնց մասին պաշտոնական Երևանը մերթ բարձրաձայնում է, մերթ՝ մոռանում: Հետևողականության խնդիր կա:

 

Ռուսաստանն անհանգստացած է նրանից, որ եթե ԼՂԻՄ-ը մնա հայկական, ապա մնացած տարածքները մանրադրամներ են, որոնք կարող են վճարվել Ադրբեջանին՝ վերջինիս իր ուղեծրում պահելու համար: Այս նոր կոնցեպցիան,  որը մերժում է սովետական տերմինաբանությունը, վերացնում է Խորհրդային Միության գրած սահմանները: Սա ձեռնոց է ռուսական կոնցեպցիային:

 

-Արդյոք ռուսական կողմը  կդիմի՞ որոշակի քայլերի՝ իր անհամաձայնությունն ընդգծելու համար:


-Հայաստանի նախագահը մի բան հրաշալի տեսավ, որ ՀՀ նախագահին կարելի է մեկ գիշերվա մեջ ճնշել և մտցնել ԵՏՄ,  և նույնը կարող է տեղի ունենալ նաև Արցախում: Խորհրդարանական կառավարության անցումը պատասխանատվությունը բաշխում է կոլեկտիվ կառավարման վրա: Ստացվում է՝  ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան եթե  ճնշում գործադրեն, պետք է այդ ճնշումը գործադրեն վարչապետի վրա, այս պարագայում՝ Կարեն Կարապետյանի վրա, ով «Ռուսաստանի մարդն է»: Եթե ճնշում լինի Արցախի վրա, Կարեն Կարապետյանը կկանգնի երկու խնդիր առջև՝ կա՛մ սեփական հայրենիքն է դնում զոհասեղանին, կա՛մ սեփական դեմքը և կենսագրությունն՝ ամբողջությամբ: Այս վերջին նշանակումները կապ ունեն նաև Արցախի շուրջ կատարվողի հետ և Սերժ Սարգսյանը դա շատ լավ տեսնում է:  

 

Հայաստանում ստեղծվում է մի իրավիճակ, երբ կարող են ճնշել վարչապետին, ինչը կարող է բերել կա՛մ վարչապետի հրաժարականին, կա՛մ ԱԺ արձակմանը. այսինքն, Հայաստանը մանեվրի հնարավորություն է ունենում, քանի որ պատասխանատվությունը բաշխված է: Պաշտոնական Երևանը, հատկապես ապրիլյան պատերազմի օրերից հետո, անում է ամեն ինչ, որ Ադրբեջանը խոսի Արցախի հետ: Այժմ Հայաստանը, փաստացի,  առաջնային մանդատի առումով՝ դուրս է գալիս բանակցային գործընթացից և հիմա պետք է բանակցեն միայն մեկ մարդու հետ, ով առաջնային մանդատ է կրում և ներգրավվում է որպես բանակցող: Իսկ թե որքան կբավարարի պաշտոնական Երևանի խիզախությունը այս կոնցեպցիան առաջ տանելու համար, արդեն այլ բան է:

 

-Արցախում սահմանադրական հանարքվեի ընթացքին հետևում էին մեծ թվով միջազգային դիտորդներ: Արդյո՞ք մենք կարող ենք այս հանգամանքը հետագայում  օգտագործել՝ ի նպաստ խնդրի կարգավորման: 


-Իհա՛րկե, ԵԽ պատգամավորների ներկայացուցիչների և այլ միջազգային կառույցների դիտորդական խմբերի ներկայությունն Արցախում պետք է լրջորեն  օգտագործել: Թեև Մինսկի խումբն արեց հայտարարություն, թե չի ճանաչում արդյունքները, բայց պետք է հասկանալ, որ այս խումբը չէր կարող նախկին գծից դուրս եկող հայտարարություն անել: Ոչ ոք չի կարող հերքել, որ Արցախի ժողովուրդն օժտված է իր կամքով սեփական իշխանությունները, տեղական և պետական կառավարման մարմինները ձևավորելու իրավունքով: Սա միջազգայնորեն ճանաչված իրավունք է, որը որևէ կառույց չի կարող չընդունել: Սա ակնհայտ իրավունք է, որ որևէ միջազգային կառույց չի կարող չնկատել, իսկ ԵԱՀԿ որևէ մարմին չի կարող կասկածի տակ դնել Արցախի բնակչության այս իրավունքը: 


Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի