Վերջին օրերին համացանցի և մեդիա դաշտի բուռն քննարկման թեմա էր դարձել Հովիկ Աբրահամյանի նախկին օգնական Աննա Գևորգյանը, ով, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով, անսպասելիորեն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Վերջինս համարձակորեն հայտարարեց, որ Կարեն Կարապետյանը չի տարբերում պրոֆեսիոնալ կադրերին. «Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ՝ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար»։ Գևորգյանը պատասխանատու կերպով հայտարարել էր, որ նորանշանակ վարչապետի բերած կադրերը իրենից լավը չեն։
Ա. Գևորգյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ արդեն մի քանի տեղից աշխատանքի հրավեր է ստացել և մտածում է այդ ուղղությամբ։
-Աննա, եթե հետևել եք Կառավարությունում վերջին օրերին տեղի ունեցած նշանակումներին՝ խորհրդական, օգնական և այլն, ի՞նչ եք կարծում՝ Ձեզանից ավելի պրոֆեսիոնալ կադրեր կայի՞ն, թե վարչապետը առաջնորդվում է այլ սկզբունքներով։
-Ես նախորդ անգամ ասացի, որ ինքը ինձանից լավ կադր չի կարող բերել։ Թե ինքը հիմա ում կբերի, ինչ կանի, իմ քննարկման առարկան չէ, որ ես նստեմ հրապարակավ քննարկեմ։
-Վերջին օրերին լրատվականների քննարկման թիվ մեկ թեման Դուք եք։ Չե՞ք ուզում այդ հայտնիությունը օգտագործել։
-Խնդիրը կայանում է նրանում, որ ես նպատակ չեմ ունեցել լայն շրջանառվելու։ Ես ասել եմ իմ կարծիքը, որը չի փոխվել։ Ես, իհարկե, չեմ ուզում ինչ-որ մեկին վարկաբեկեմ ու դրանով ավելի լավը երևամ ու օգտագործեմ այդ հայտնիությունը։ Կյանքն առաջ է գնում, և ես շատ նպատակներ ունեմ ու դրանց ճանապարհով պետք է գնամ։ Ես չեմ կարող հետ նայել ու տեսնել՝ Կարեն Կարապետյանն ինչով է զբաղված, սոցցանցերում ինչ են գրում։ Ես այդ նպատակը չեմ հետապնդում։
-Ուրեմն անկախ Ձեզանից դուք հայտնվեցիք քննարկումների կիզակետում։
-Իհարկե, ես դրան դեմ չեմ։ Մարդիկ իրավունք ունեն քննարկելու։ Կային մարդիկ, ովքեր շատ լավ էին արձագանքել, որ նման համարձակ մարդ կա։ Ես շատ ուրախ կլինեմ, որ ցանկացած մեկն, ով խնդիր ունի, այն բարձրաձայնի։ Կային նաև հայեր, ովքեր գրում էին իրականության հետ ընդհանրապես աղերս չունեցող մեկնաբանություններ։ Ես ցավում եմ այդ մարդկանց համար։ Մեր խնդիրն այն է, որ մենք իրար չենք կարողանում պահել։ Ես դրա հետ կապված արդեն արել եմ ու իմ ասածին տեր եմ, ուրիշ բան չեմ ցանկանում անել։
-Աննա, Ձեր համարձակ հարցազրույցից հետո ճնշումներ եղե՞լ են։
-Ոչ, ոչ, նման դեպքեր չեն եղել։ Ես դեռ շատ-շատ եմ խոսելու, բայց ոչ այս թեմայի մասին, որովհետև ես մի թեման ասում եմ ու առաջ գնում։ Կառչելով մի թեմայից՝ մենք չենք կարող ապագան տեսնել կամ ներկան վայելել։ Որևիցե մեկն ինձ չի վախեցրել ու, առհասարակ, ինձ հնարավոր չէ ինչ-որ կերպ վախեցնել։
-Առաջիկա ի՞նչ պլաններ կան, արդեն նոր աշխատանքի առաջարկ ստացե՞լ եք։
-Մի քանի առաջարկ ունեմ աշխատանքի։ Պետք է մտածեմ, որ այն աշխատանքի առաջարկը, որը ես կընդունեմ, համապատասխանի իմ հետագա քայլերին ու նպատակներին։ Այսինքն՝ ամեն աշխատանքի չէ, որ ուզում եմ համաձայնեմ։ Պետք է շատ երկար մտածեմ։ Առաջարկներ ունեմ, անգամ հանդիպումներ եմ ունեցել։
-Եթե գաղտնիք չէ, որտեղի՞ց են առաջարկները։
-Դա չեմ կարող ասել, քանի որ մարդիկ ներկայանում են, ու ես չեմ կարող առաջարկները քննարկման առարկա դարձնել։
-Առաջարկներն ավելի լա՞վ տեղերից են։
-Ես էլի եմ ասել՝ պաշտոնով չի որոշվում։ Մանկության երազանք չի եղել դա։ Պաշտոնը չէ, որ ինձ պետք է բնութագրի։ Ես շատ տեղերում եմ աշխատել ու դրա խնդիրը չունեմ, պաշտոնից կառչած չեմ։
Քրիստինա Աղալարյան