Հայաստանի մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը վերանայելու է գրահրատարակչական ոլորտի ողջ ցիկլը և իրականացնելու է նոր ծրագիր:
«Սկսելու ենք նոր տեսակի գրախանութների ստեղծումից, որը կդառնա ընտանեկան հանգստի կենտրոն: Առավել, քան համոզված եմ, որ նման գրախանութները կնպաստեն գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի բիզնես զարգացմանը»,- ասաց նախարարը՝ հավելելով նաև, որ այս փորձը պետք է տեղայնացնել ամբողջ հանրապետությունով մեկ, իսկ փորձը կսկսեն Երևանից:
Արմեն Ամիրյանն ասաց, որ իր ասածը վերաբերում է նաև գրքերի թվայնացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը: «Ամբողջ աշխարհն արդեն օգտագործում է թվային գրքեր, Հայաստանում, ցավոք, այդ պակասը կա: Գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլը ներառելու է նաև դա»,- նշեց Ամիրյանը:
Ամիրյանի խոսքով՝ խորհրդակցության է հրավիրելու ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչներին, ինչը հնարավորություն կտա կողմնորոշվել և ճիշտ ճանապարհով շարժվել:
Նախարարը խոստացավ նաև առաջիկա 1-2 օրում անդրադառնալ նաև «Նոյյան տապան» գրախանութի փակման և տեղափոխման հարցին: