Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը, նրա կողմից տեխնոկրատների կառավարության կազմավորումը, այս գործընթացում ՀՀԿ դերակատարության էական նվազումը՝ բովանդակային առումով հակասության մեջ են մտնում 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հետ:
Դրանցում անցում է կատարվել կառավարման խորհրդարանական համակարգի, որը ենթադրում է կուսակցությունների քաղաքական պատասխանատվության մեծացում՝խորհրդարանական մեծամասնություն կայացնելու միջոցով կառավարություն ձևավորելու և երկրի ղեկավարումը ստանձնելու հարցում:
Դժվար չէ ենթադրել, որ սեպտեմբերյան իրադարձությունների թիրախը ոչ թե Սահմանադրական այդ փոփոխություններն են, որոնք խիստ կենսական են իշխանության վերարտադրության գործընթացում, այլ՝ ՀՀԿ-ն, իր այսօրվա կոնֆիգուրացիայով: Եթե Սերժ Սարգսյանը շանս ունենար, տեսականորեն նա կարող էր հրաժարվել ՀՀԿ բրենդից, իր քաղաքական նախաձեռնությունների համար ընտրելով նոր խորհրդանիշներ և անուն:
Ի դեպ, ՏԻՄ ընտրություններում, որոշ համայնքներում այդ մարտավարությունը փորձարկվեց: Սակայն դա վտանգավոր լուծում կլինի, որը կարող է վտանգել թե՛ խորհրդարանական ընտրությունների, և թե՛ իշխանության վերարտադրության անցնցում ընթացքը:
Մյուս կողմից՝ ՀՀԿ-ն իշխանության հրապարակային դրսևորումն է, այն հայելին, որի մեջ հասարակությունը տեսնում է իշխանությունում ուժերի իրական դասավորությունը: Այս տրամաբանության մեջ ՀՀԿ նոյեմբերի 26-ի համագումարը, իսկապես առանցքային է դառնում,որովհետև այդ օրը հրապարակային որոշակի դրսևորմամբ բախվելու են իշխանությունից հեռացող համակարգը և այն ենթադրյալ համակարգը, որը դեռ ձևավորման փուլում է և պետք է փոխարինի քրեաօլիգարխիային:
ՀՀԿ վերնախավը տեսականորեն դեմ չի լինի, որ կրկնվի Տիգրան Սարգսյանի և նրա թիմի «հանրապետականացման» նախադեպը: Այն ժամանակ վարչապետը նույնպես ուներ հավակնություններ, բայց, ի վերջո, ոչ թե իր խաղի կանոնները թելադրեց կառավարող կուսակցությանը, այլ իր թիմով տարածվեց դրա մեջ, դառնալով ՀՀԿ «բաժնետերերից» մեկը: Արդյո՞ք Կարեն Կարապետյանին սպասվում է նույն ճակատագիրը, և նա շուտով ՀՀԿ-ում լինելու է այնպիսի «բաժնետեր», ինչպիսին, ասենք, պաշտոնից հեռացած, բայց ռևանշի ձգտում ունեցող Հովիկ Աբրահամյանը: Եթե իրականություն դառնա այս սցենարը, ոչ թե Կարապետյանն է թելադրելու խաղի կանոններ, այլ նրա կառավարությունն է դառնալու ՀՀԿ մյուս «բաժնետերերի» պայքարի օբյեկտ: Սակայն այս սցենարը քիչ հավանական է: Ըստ ամենայնի՝ կընտրվի ռուսական մոդելը, այն ենթադրում է, որ բացառապես նախագահին ենթարկվող և տեխնոկրատների կառավարություն ձևավորած վարչապետը դառնում է կառավարող կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը: Այսինքն, նոյեմբերի 26-ին փոխվելու է ՀՀԿ ղեկավար կազմը, և Կարապետյանը, իսկ գուցե նաև՝ որոշ տեխնոկրատ նախարարներ դառնալու են հանրապետականներ:
ՀՀԿ-ն վերջնականապես վերածվելու է նոր համակարգի կցորդի կամ նոր բյուրոկրատիայի քաղաքական այցեքարտի: ՀՀԿ-ն այլևս չի թելադրելու ոչ խորհրդարանական մեծամասնությանը, և ոչ էլ կառավարությանը: ՀՀԿ-ն ընդամենը դառնալու է իշխանության նոր համակարգի կամ նոմենկլատուրայի ֆորմալ անունը, հավաքական ցուցանակը, որի համամասնական ցուցակն առաջիկա ընտրություններում գլխավորելու է հենց Կարեն Կարապետյանը: Սա է լինելու ՀՀԿ համագումարի առանցքային նշանակությունը: Սա լինելու է ՀՀԿ-ի քաղաքական հարաբերական ինքնուրույնության վերջին համագումարը, որովհետև կուսակցության «տեխնոկրատացումը» նրան դարձնում է բացարձակ անհետաքրքիր:
Սարգիս Հակոբյան