Պաշտոնական Բաքուն այլևս չի կարողանում քողարկել, այն որ միջազգային հանրությունը հակվում է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությանը: Այս մասին արդեն բացեիբաց հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի կառավարության նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ:

 

«Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ նպատակ ունենալով հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Մենք չենք բացահայտում շատ մանրամասներ, քանի որ կան դիվանագիտական կանոններ»,- ասել է Ալիևը:

 

Ադրբեջանի նախագահը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ ճանաչման հարցով իր երկրի դեմ ակտիվ քարոզչություն է իրականացվում: Այս հարցում նա անգամ մեղադրել է Արևմտյան երկրների լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին:

 

Հատկանշական է, որ ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը 2016 թվականի սեպտեմբերի 21-ը պաշտոնապես ճանաչել է որպես «Հայկական Անկախության օր»' հայկական երկու պետությունների' Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) համար: Քաղաքապետի հռչակագրում մասնավորապես ասվում է. «Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարը' հանուն հայկական ինքնության պահպանման, սեփական սահմանները պատերազմական հանցագործություններից զերծ պահելու»: