Հայաստանի զարգացման «Իդեա» հիմնադրամի նախաձեռնող Ռուբեն Վարդանյանը, ով իրավմամբ համարվում է քաղաքական նոր մշակույթի խորհրդանիշ, ասել է, թե Հայաստանի կառավարման 25-ամյա մոդելը սպառել է իրեն և անհրաժեշտ է փակ հասարակության այդ մոդելից անցում կատարել բաց մոդելի: Այս առումով գործարարն այլընտրանք չի տեսնում և մտադիր է բոլոր ռեսուրսներով աջակցել Կարեն Կարապետյանի կառավարությանը: Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ նոր կառավարության կառուցվածքը , կազմը, քաղաքական հենարանն ու ծրագիրը մեծ հույսեր չեն ստեղծում, թե որդեգրվել է այն ընթացքը, ինչի մասին խոսում է Ռուբեն Վարդանյանը: 

 

Հովիկ Աբրահամյանի կառավարության փոփոխությունը և վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումը, ըստ էության, հաջորդեցին Սերժ Սարգսյանի օգոստոսի մեկի հայտնի ելույթին, որի հիմնական թեզն ազգային համաձայնության կառավարության ձևավորման գաղափարն էր:

 

Իհարկե, նախագահը ժամկետներ չէր նշել և շատերը ենթադրում էին, որ այդ գաղափարն իրականություն կդառնա խորհրդարանական ընտրություններից հետո: Սերժ Սարգսյանն այլ հաշվարկներ ուներ և իր ելույթի կենսագործումը սկսեց արդեն սեպտեմբերից: Կարելի է ենթադրել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը պետք է մարմնավորվեր ազգային համաձայնության այդ մոդելը՝ գոնե դառնար նրա մանրակերտը:

 

Սակայն, կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումները և քվեարկությունը ցույց տվեցին, որ խիստ սահմանափակ է Կարապետյանի կառավարության քաղաքական աջակցությունը: Տարակուսելի է, որ վարչապետն իր ծրագիրը նախապես քննարկել է միայն ՀՀԿ և ՀՅԴ-ի հետ` անտեսելով մյուս չորս խմբակցություններին: Մինչդեռ `քաղաքական մշակույթը  այլ բան է հուշում, և ենթադրում է, որ Կարապետյանը պետք է լուծեր քաղաքական լայն կոնսենսունսի խնդիր: Գուցե վարչապետն ազգային համաձայնության մասին այլ պատկերացում ունի և, օրինակ, կարծում է, որ քաղաքական գործող համակարգը որևէ աղերս չունի հանրային տրամադրությունների հետ: Ի դեպ, այդպես էլ կա. քաղաքական այսօրվա համակարգը ոչ թե նպաստում, այլ արգելակում է հասարակական հարաբերությունների զարգացմանը: Սակայն, դա նախևառաջ վերաբերում է հենց ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին, որոնց Կարապետյանը երեկ շնորհակալություն էր հայտնում իր ծրագրին աջակցելու համար:

 

Կառավարության ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, այսինքն ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան` իր 75-76 պատգամավորով, և ԲՀԿ խմբակցության «քաղաքական փախստականները»: Ազգային համաձայնության բաղկացուցիչներից մեկը քաղաքական կոնսենսունսն է: Մի բան, որը բացակայում է Կարապետյանի կառավարության և ծրագրի շուրջ: Երեկվա խորհրդարանական քվեարկությունը բացահայտեց, որ ազգային համաձայնության գեղեցիկ գաղափարից մնաց սոսկ հանրապետադաշնակցական պղպջակը: Ազգային համաձայնության մյուս կարևոր բաղադրիչը հանրային վստահությունն է: Որևէ մեկը չի կարող պնդել, որ հասարակությունը վստահում է նոր կառավարությանը: Խոսքը միայն դրական սպասումների, աղոտ հույսերի մասին է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ համակարգում հայտնվել է նոր մարդ, ով կապ չունի վերջին 25 տարիների այլանդակությունների հետ:


Եվ վերջում կարևոր մի խնդրի մասին. որևէ մեկը չէր ակնկալում, որ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրում կհանդիպի համարձակ քաղաքական լուծումների, արտահայտությունների, որոնք կարող էին ենթադրել արտաքին քաղաքականության շրջադարձ: Բայց ենթադրվում է, որ տրվելու է բանաձև, թե մեր տնտեսությունն ինչպես է հաղթահարելու մեկուսացումը, որ մեզ պարտադրել են ԵՏՄ-ին անդամակցությունը և այն տոտալ ճգնաժամը, որում հայտնվել է հիմնական գործընկեր Ռուսաստանի տնտեսությունը:

 

Ի դեպ, այդ երկրի Տնտեսական զարգացման նախարարությունը հենց երեկ հրապարակել է նոր վերլուծություն, ըստ որի, ռուսական տնտեսությունը մինչև 2035 թվականը չի հաղթահարելու լճացումը: Այս համատեքստում, եթե Կարեն Կարապետյանի ծրագրում չկան Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի, հայ-իրանական, հայ-վրացական հարաբերությունների պոտենցիալն օգտագործելու մասին դրույթներ, ապա այդ ծրագիրը և կառավարության գործունեությունն առհասարակ զուրկ են զարգացման որևէ ռեսուրսից: Երեկ Կարեն Կարապետյանը չէր բացառել, որ նոր կառավարությունը կարող է «գրիժա» ստանալ իր ուժերին ոչ համարժեք ծանրաձող բարձրացնելու հետևանքով:

 

Ինչքան էլ տխուր է խոստովանել՝ հենց «գրիժան» է այս կառավարության գործունեության ամենահավանական հետևանքը: Ընդ որում, ցավալիորեն այդ «գրիժան» ստանալու է Հայաստանի տնտեսությունը:

 

Սարգիս Հակոբյան