Նորաթուխ ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանը խուսափում է շփվել լրագրողների հետ, բայց, այնուամենայնիվ, խոստանում է առաջիկայում մամուլի ասուլիս հրավիրել ու պատասխանել լրագրողներին հուզող բոլոր հարցերին: Նշենք, որ մամուլը վերջին օրերին հաճախ է անդրադառնում Վիկտոր Դալլաքյանին՝ նշելով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերջինս առճակատման դուրս չի գա իշխանությունների հետ:
«Հրավիրում եմ նաև Ձեզ և խոստանում եմ Ձեր հարցերին ևս անդրադառնալ, իսկ առայժմ՝ մաղթում եմ հաջողություններ»,- ասաց և հեռախոսն անջատեց Սերժ Սարգսյանի երբեմնի խորհրդականը, ով որոշել է նոր կուսակցություն հիմնել:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Վիկտոր Դալլաքյանին հայտնի ասուլիսից հետո ժամանակավորապես հրահանգել են լռել և լրագրողների հետ չշփվել՝ հնարավոր վրիպակներից և բարդություններից խուսափելու համար: Սակայն պետք է նկատել, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները հեռու չեն և իր առջև քաղաքական լուրջ նպատակներ դրած յուրաքանչյուր ուժ պետք է վայրկյան անգամ չկորցնի հասարակության հետ շփվելու, մամուլի միջոցով իր գաղափարները տարածելու համար:
Ասում են նաև՝ Դալլաքյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և որոշել է իր կուսակցաշինական աշխատանքները մի որոշ ժամանակով հետաձգել, բացի այս՝ նրան չեն համաձայնում միանալ իշխանություններից նեղսրտած նախկին պաշտոնյաները, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Սեյրան Օհանյանը մտադիր է միանալ Դալլաքյանի հիմնելիք կուսակցությանը, որը կունենա կամ «Շրջադարձ», կամ «Երրորդ հանրապետություն» անունը:
Վիկտոր Դալլաքյանը նշեց նաև, որ առաջիկայում հրավիրվելիք ասուլիսում հանդես կգա հայտարարությամբ: