Դոնալդ Թրամփի ընտրությամբ Լեռնային Ղարաբաղի հարցում ամերիկյան կողմի վարած քաղաքականությունը չի փոխվի: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ հայտնի չէ, թե Թրամփն այս հարցի համար ինչ լուծում կառաջարկի:
«Ասել՝ Դոնալդ Թրամփը շատ անսպասելի քաղաքական գործիչ է՝ տեղին չէ: Մենք չենք կարող կանխատեսել, քանի որ մի բան է նախագահական քարոզարշավը̦ այլ բան՝ գերտերության նախագահ լինելը: Պետք է տարանջատել իրական քաղաքականությունն ու ղեկավարների իրական պահվածքը՝ մրցավազքից: Եվ նման քաղաքական գործչին որակել անկանխատեսելի̦ անսպասելի քայլեր կատարող՝ ճիշտ չէ: Նա, վերջապես, հզոր գերտերության նախագահ է̦ որին ընտրել է Ամերիկայի ժողովուրդը: Մենք պետք է զերծ մնանք անձնական վիրավորանքներ կամ այլ որակումներ տալուց»̦-ասաց նա:
Դավիթ Բաբայանն ընդգծեց նաև̦ որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները վստահ են՝ ամերիկյան կողմը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում չի փոխի իր վարած քաղաքականությունը:«ԱՄՆ-ը համանախագահող երկիր է և մենք վստահ ենք̦ որ նա կշարունակի իր խաղարար առաքելությունը և կնպաստի̦ որպեսզի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ստանա վերջնական լուծում՝ տարածաշրջանում պահպանելով խաղաղություն և կայունություն»̦- ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից նախաձեռնած աննախադեպ զորավարժություններին՝ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակը նախ նշեց̦ որ ադրբեջանական կողմը չի կարող հայկական կողմին իր անսպասելի քայլերով անակնկալի բերել և ընդգծեց̦ որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանն ուզում է ժողովրդի մոտ տպավորություն թողնել̦ հետևաբար՝ նման զորավարժությունները կարելի է ասել՝ աչքկապոցի են. «Մենք ուշի ուշով հետևում ենք հակառակորդին, մանավանդ՝ այս զորավարժությունների ֆոնին: Ցանկացած պարագայում մենք պատրաստ ենք արժանի հակահարված տալ ու կանխել ցանկացած ագրեսիվ գործողություն»̦- շեշտեց նա՝ ընդգծելով̦ որ եթե հակառակորդը դիմի ծայրահեղ քայլերի՝ հայկական կողմը կարող է և պատրաստ է պաշտպանվել̦ սակայն խնդիրը կայանում է հավանականության մեջ, թե հակառակորդի նախահարձակ գործողությունները որքանով հավանական կլինեն.
«Քանի որ պատերազմական գործողություններ վերսկսելու հանգամանքը շատ ցածր է՝ պայմանավորված մի շարք գործոններով̦ մենք վստահ չենք կարող ասել՝ հակառակորդը կգնա՞ այդպիսի քայլ̦ի թե՞ ոչ: Գաղտնիք չէ̦ որ Ադրբեջանն ապրիլյան քառօրյա պատերազմում ջախջախիչ պարտություն կրեց̦ ուստի, նա պատրաստ չէ սկսել լայնածավալ պատերազմական գործողություններ: Ադրբեջանը նաև չի գնա այդպիսի քայլերի̦ քանի դեռ նա գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Վերջին շրջանում միջազգային հանրությունը բավականին կոշտ գնահատականներ է հնչեցնում: Բայց մենք չենք էլ կարող բացառել̦ քանի որ հակառակորդը շատ անկանխատեսելի է»:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ հակառաորդն ուզում է երկրի ներսում բարձրացնել բարոյահոգեբանական մթնոլորտը և նման քայլերով ուզում է փրկել իրավիճակը: «Վերջին գործողություններից հետո Ադրբեջանում առաջ են եկել բավականին լուրջ խնդիրներ, և տեղական իշխանությունները փորձում են ժողովրդի ոգին բարձրացնելու համար մեծաքանակ զորավարժություններ անցկացնել: Այսինքն՝ դա նաև ներքին խնդիր է, և ադրբեջանական իշխանությունները փորձում են ժողովրդի զայրույթը գոնե մի քիչ մեղմել»̦- եզրափակեց նա:
Արմինե Եփրեմյան