ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հրաժարվում է աշխատավարձից, որն ստանում են երկրի բարձրագույն պետական պաշտոնն զբաղեցնող անձինք: Այս մասին հանրապետականը հայտարարել է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Ես երբեք մեկնաբանություններ չեմ տվել այդ առիթով, բայց պատասխանը «ոչ» է,- ասել է Թրամփը:- Կարծում եմ՝ օրենքով ինձ հարկ կլինի ընդունել 1 դոլար, ուստի ես տարեկան 1 դոլար կստանամ»:
Հանրապետականը խոստովանել է, որ չգիտի, թե որքան է ստանում Միացյալ Նահանգների նախագահը: Հեռուստաընկերության լրագրողուհին հայտնել է, որ Սպիտակ տան տիրոջ աշխատավարձը կազմում է տարեկան 400 հազար դոլար: «Ես չեմ ընդունի աշխատավարձը, ես այն չեմ ընդունի»,- կրկնել է Թրամփը:
Forbes հանդեսի վերջին գնահատումներով, որոնք ներկայացվել են այս տարվա սեպտեմբերին՝ հանրապետականի կարողությունը կազմում է 3,7 միլիարդ դոլար: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Թրամփը չի դառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը հրաժարվել է աշխատավարձից: Օրինակ՝ ավելի վաղ համանման կերպ են վարվել Ջոն Քենեդին եւ Հերբերտ Հուվերը: