Դատելով գերտերություններից եկող վերջին ազդանշաններից, որոնք իրենց պիկին հասան Հոգլանդի՝ ինչ-որ տեղ անակնկալ հայտարարությամբ, ուր նա, ըստ էության, փորձել է շարադրել ԱՄՆ տեսլականը՝ արցախյան հակամարտությանը վերաբերող, Անդրկովկասում նորանոր զարգացումներ են սպասվում. տարածաշրջանի ամենակնճռոտ հակամարտությունը, որ երբեք չի դադարել մեծերի շահերի սպասարկման գործիք լինելուց, կրկին վերածվում է աշխարհաքաղաքական բարդ խաղի ատրիբուտներից մեկի:

Իրավիճակին ճիշտ գնահատական տալու համար նախ հարկավոր է գիտակցել այն պարզ ճշմարտությունը, որ աշխարհի և որևիցե գերտերության համար, համաշխարհային զարգացումների ներկա փուլում, արցախյան հակամարտության վերջնական կարգավորում պետք  չէ (խնդրի փուլային կարգավորումը, որի մասին խոսում է Հոգլանդն, իրականում այն մշտավառ պահելու փայլուն միջոց է): Տարածաշրջանը ներսից կրծող այս հակամարտությունը վաղուց է վերածվել երկրորդ Մերձավոր Արևելքի, որը նույնքան խրթին ու անլուծելի է թվում, որքան Երուսաղեմի կարգավիճակի հարցը. պատկերավոր ասած՝ որ օրը արաբներն ու հրեաները համաձայնության կգան Երուսաղեմի վերջնական կարգավորման հարցում, նույն օրը խաղաղություն կլինի նաև Անդրկովկասում. այսինքն՝ երբեք:

Հետևաբար՝ միանգամայն բնական է, որ գերհզորները, որոնք էլ, խոշոր հաշվով, ժամանակին ծնել են այս հակամարտությունը, այն վերջնականապես լուծելու փոխարեն պետք է ձգձգեն, ծամծմեն՝ սպասելով հարմար ժամանակահատվածի դրանով միմյանց շանտաժի ենթարկելու. Հոգլանդի «հրատապ» հայտարարությունը, որը վերն ասվածի նյութական արտահայտությունը պետք է համարել, Արևմուտքի փորձն է՝ Ռուսաստանի զենքը բանեցնելու նրա իսկ դեմ՝ չնայած թվացյալ հարմոնիային: Հոգլանդն, ըստ էության, համաձայնում է հակամարտության՝ անորոշ ժամանակով սառեցման ռուսական պլանի հետ՝ հույսով, որ իր երկիրն էլ ժամանակի ընթացքում կկարողանա նույնքան հմտորեն խաղալ հակամարտության թելերի վրա, որքան դա տասնամյակներ ի վեր անում է Մոսկվան: Նկատենք նաև, որ ԱՄՆ իր այդ հայտարարությամբ, ըստ էության, հրաժարվեց Անդրկովկասը հրո ճարակ դարձնելու իր պլաններից, որոնք մտադիր էր կյանքի կոչել Թուրքիայի միջոցով ու որի նպատակն էր լինելու Ռուսաստանին շանտաժի ենթարկելը՝ այդ երկրին հակամարտության մեջ ներքաշելու ճանապարհով. չտեսնել Հոգլանդի հայտարարության մեջ ՌԴ- ԱՄՆ փոխհամաձայնության հստակ տարրեր, ուղղակի կուրության նշան կլիներ. խոշոր հաշվով, այն նույն սկզբունքներն են, ինչ «Լավրովի պլան» կոչեցյալը՝ պարզապես մի փոքր ամերիկանիզացված երանգներով:

Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ է այս ամենը տալու Հայաստանին: Նախ՝ ակնհայտ է, որ բոլոր դեպքերում տվողի դերում հանդես է գալիս Հայաստանը, երկորդ՝ տալու դիմաց ոչինչ փաստացի մենք չենք ստանալու, երրորդ՝ հայտնի էլ չէ, թե իրականում հայտարարված սկզբունքներն երբևիցե կյանքի կկոչվե՞ն, թե՞ ոչ կամ կոնկրետ երբ կնյութականանան. վերջիվերջո կան տարածաշրջանային տերություններ Իրանն ու Թուրքիան, որոնք այս ամենի հետ կապված իրենց տեսլականն ունեն ու միայն ճանաչված գերտերությունների ցանկությունները չեն, որ պետք է հաշվի առնվեն այս ամենում: Եթե Թուքիան կարող է ինչ-որ տեղ «այո» ասել այս բանաձևին (չնայած նույն Բաքուն մերժում է «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածը), սակայն չմոռանանք, որ Իրանի դիրքորոշումը նմանատիպ պարագաներում ոչ միանշանակ է ստացվում, քանի որ վերջինս լուրջ մտավախություններ ունի՝ կապված արևմտյան բլոկի՝ իր սահմանակից տերիտորիաներում ակտիվացման հետ. անկասկած, Իրանի արձագանքին մենք դեռևս ունկնդիր կդառնանք:

Ակնհայտ է մի բան՝ Հոգլանդի հայտարարությունն ամենևին էլ վերջակետ չի դնում արցախյան խնդրին կամ դառնում որոշակի հանգրվանային կետ, քանի որ նույնիսկ հանգրվանային կետ դառնալը մի շարք բարդ աշխարհաքաղաքական հարցերից է կախված, որ այսօր առկա են նույն Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև: Անվիճելի է, որ Անդրկովկասում Կրեմլը երբեք չի հանգրվանելու Արևմուտքի հովանու ներքո, իսկ Արևմուտքն էլ՝ Ռուսաստանի, հետևաբար տեղի ունեցածն ինչ-որ տեղ նաև պետք է այս երկուսի միջև առկա մրցավազքի որոշակի դրսևորում համարել, քան դարակազմիկ ինչ-որ մի բան. սա դիվանագիտություն է և ոչ միշտ է, որ «այո»-ն «այո» է, իսկ «ոչ»-ը՝ «ոչ»:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ