ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արգենտինայում նախատեսվող հանդիպման հնարավոր չեղարկման մասին Կերչի նեղուցում ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին նա ասել է The Washington Post-ին տված հարցազրույցում:
«Հանդիպումը կարող է չլինել: Ինձ դուր չի գալիս այդ ագրեսիան: Ես ագրեսիա բնավ չեմ ցանկանում»,- հայտարարել է նա: Թրամփը նշել է, որ վերջնական որոշում կայացնելու հարցում որոշիչ գործոն կդառնա Կերչի նեղուցում տեղի ունեցածի վերաբարյալ ազգային անվտանգության թիմի «ամբողջական հաշվետվությունը»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ղեկավարն արդեն դժգոհություն էր հայտնել նեղուցի ջրատարածքում տիրող իրադրությունից: Նա հույս էր հայտնել, որ այն կկարգավորվի: Նրա խոսքով՝ Եվրոպայի ղեկավարներն արդեն փորձում են լուծել ճգնաժամը: Նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցի շրջանում՝ Ղրիմի տարածքային ջրերում, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության պարեկանավը կալանել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավ:
Կիեւը դա գնահատել է որպես «ռազմական ագրեսիայի ակտ», Մոսկվան հայտարարում է, որ ուկրաինացի նավաստիները խախտել են Ռուսաստանի պետական սահմանը: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը պլանավորված է Արգենտինայում G20-ի գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը: Պուտինը եւ Թրամփը քննարկելու են երկու երկրների փոխհարաբերությունները: