Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ շաքարավազի շուկայում գնի բարձրացման տեմպ է նկատվել.

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խոսնակ Գայանե Սահակյանն ասաց.

 

«Գերիշխող շուկաներից արձանագրել ենք շաքարավազի գնի բարձրացում, որի հետ կապված՝ հանձնաժողովում ներկայումս ընթանում են ուսումնասիրություններ»:

 

Նշենք, որ վաճառքում կարող եք շաքարավազը հանդիպել նախկին  340-360-ի փոխարեն՝ 1 կգ-ի համար 380-400 դրամով:

 

ՏՄՊՊՀ-ն միայն ուսումնասիրության ավարտից հետո կարող է հստակ տեղեկություն հայտնել գնի բարձրացման հիմնավորման պատճառների և հանձնաժողովի դիրքորոշման վերաբերյալ:

 

ՏՄՊՊՀ խոսնակ Գայանե Սահակյանի խոսքով՝ շաբաթական երեքանգամյա կտրվածքով՝ մոնիտորինգ է իրականացվում, քանի որ խոշոր տնտեսվարողների վարքային փոփոխությունները կարող են անդրադառնալ շուկայի վրա և հարկավոր է հետևողական լինել այդ գների ձևավորման գործընթացներում:

 

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում շաքարավազ արտադրում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանը՝ ներկրված հումքի հաշվին: Պատրաստի շաքարավազի ներկրման հիմնական բաժինը եւս Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերություններին է տրված: