Կոռուպցիայի՝ սեփական շահի համար իշխանության չարաշահումների ոչ բոլոր դրսևորումներն են մեր երկրում համարվում քրեորեն պատժելի հանցագործություն: Շատ դեպքեր դասվում են վարչական և բարոյաէթիկական նորմերի խախտումների շարքին: Սակայն, անկախ դրսևորման ձևերից, կոռուպցիան «սոցիալական չարիք» է, որի դեմ պետք է պայքարել:

 

Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ են ոչ միայն պատժիչ, այլև կանխարգելիչ և դաստիարակչական միջոցներ: Պետք է լինի բոլոր միջոցների ճիշտ հարաբերակցություն, որպեսզի ոչ միայն ընդունվեն կոռուպցիայի հնարավորությունները սահմանափակող օրենքներ, այլև ապահովվի դրանց կիրառումն ու բոլոր քաղաքացիների՝ օրենքի առաջ հավասարությունը, որպեսզի ոչ միայն պատժվեն մեղավորները, այլև խրախուսվեն արժանավորները, ոչ միայն ազնիվ կենսաձևի կոչեր անեն ուրիշներին, այլև սեփական վարքով օրինակ ծառայեն:

 

Կոռուպցիա (լատ. այլասերում, քայքայում, փչացում) նշանակում է բարքերի, սովորույթների վատացում, մարդկային լավագույն հատկանիշների արժեզրկում: Կոռուպցիան ունի պատճառների ու հետևանքների լայն շրջանակ, ուստի և պահանջում է բազմակողմանի մոտեցում:

 

Կոռուպցիան վստահված իշխանության չարաշահումն է՝ անձնական շահ ստանալու նպատակով: ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում կոռուպցիան սահմանվում է այսպես՝ «անձնական կամ այլ շահադիտական նպատակով տարբեր ձևերով արտահայտված՝ ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում»:

 

Իշխանավորները հիմնականում միայն «խոսում են» կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ոչ մի վճռական գործողություններ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ, սահմանափակվում են նոր օրենքների ընդունմամբ, որոնց կիրառումը երաշխավորված չէ ո՛չ քաղաքական կամքի առկայությամբ, ո՛չ պետական ապարատի ինստիտուցիոնալ հնարավորություներով: Սա առաջ է բերում քաղաքացիների է՛լ ավելի մեծ հիասթափությունը:

 

Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման վերաբերյալ նշեմ, որ աշխարհում կիրառվող կոռուպցիայի դեմ պայքարի մոդելներն ուղղակիորեն կախվածության մեջ են դրվում կոռուպցիայի դեմ պայքար մղող մարմինների գործառույթների բաշխվածությունից: Միջազգային փորձը վկայում է, որ այդ մարմինները իրականացնում են երեք հիմնական գործառույթ՝ կրթական, կանխարգելիչ կամ քննչական: Կանխարգելիչ գործառույթի մեջ ընդգրկվում է գույքի հայտարարագրումը, հակակոռուպցիոն համակարգման խորհուրդների կամ նպատակային կանխարգելիչ մարմինների միջոցով հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակումը, իրականացումը, մոնիտորինգը և այլն: Կրթական գործառույթի մեջ մտնում է հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը: Քննչական ֆունկցիան զբաղվում է կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ:

 

Այսպես կոչված «օրինական» կոռուպցիան ավելի ակնհայտ է և հեշտ ճանաչելի հասարակ մարդկանց համար, քանի որ սրա հետ նրանք առնչվում են գրեթե ամեն օր: Ինչ վերաբերում է «անօրինական» կոռուպցիային, քանի որ սա կապված է ավելի մեծ ռիսկի հետ եւ, համապատասխանաբար, ավելի մեծ նյութական ծախսերի հետ, ապա՝ այն ավելի քողարկված բնույթ ունի եւ ավելի դժվար ճանաչելի է:

 

ՀԲ և ՎԶԵԲ-ի անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ մեր երկրում աշխատող գործարարները համարում են, որ վերջին երեք տարիների ընթացքում կոռուպցիան է՛լ ավելի մեծ խնդիր է դարձել իրենց ոլորտում. եթե ոչ օրինական վճարումների հաճախականությունը նվազել է, ապա դրանց ծավալը, հակառակը, մեծացել է:

 

Հ.գ. 1. «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի վերջին ինդեքսի համաձայն՝ 2005թ. մեր երկիրը 159 երկրների շարքում ստացել է 2.9 գնահատական 10-0 սանդղակով (10-ը՝ չկոռումպացված, 0-ն ամենակոռումպացված երկրներն են):

 

Հ.գ. 2. Արդեն երկրորդ օրն է՝ ԱԺ-ում քննարկվում է քաղաքացիներից պարտադիր կերպով 1000 դրամներ գանձելու մասին օրենքների փաթեթը, և հետաքրքրիրն այն է, որ փաստաթղթին հակադրվող հիմնական թեզը կապված է նորից կոռուպցիայի հետ: Հիմնական քննադատողները խոսում են համակարգում առկա լուրջ կոռուպցիոն ռիսկերի մասին, քննադատում են, թե ստեղծվող հիմնադրամի ծախսերի վերաբերյալ կա անվստահություն և այլն: Ասել է թե՝ մենք տեսնում ենք, որ երկրի համար առաջնային և կենսական նշանակություն ունեցող ռազմական համակարգում ինչ աստիճանի կոռուպացված գեներալիտետ է գոյացել, որոնք ուղղակի բուծվում են զինվորի համար նախատեսված պետական հատկացումների հաշվին: