Ներկայում Հայաստանի առջև ծառացած խնդիրները չափազանց բազմազան են՝ սկսած սոցիալ-տնտեսական անհուն պրոբլեմներից, մինչև հասարակական ինքնագիտակցության վերաարժևորում, երբ պայմանավորված մի շարք արտաքին ու ներքին հանգամանքներով՝ հասարակության համար հրատապ է դարձել հարցը, թե որոնք են այն հիմնական նպատակները, որոնց շուրջ պետք է համախմբվի հայկական սոցիումն ու միահամուռ ջանքերով վերագտնի այն կոչումը, որն արժեք ու իմաստ է տալիս ցանկացած հասարակության, մարդուն՝ առհասարակ:

Որքան էլ սրությամբ մեր կյանքում արտահայտված լինեն սոցիալական խնդիրները, որքան էլ ոմանց թվա, թե թիվ մեկ գերխնդիրը՝ ծառացած 21-րդ դարի Հայաստանի առջև՝ նյութական է, սոցիալական, փաստը մնում է փաստ, որ իրական գերխնդիրն ամենևին էլ սոցիալ-տնտեսականը չէ, չնայած՝ այն ևս, ինչ խոսք, հսկայական նշանակություն ունի մեր կյանքում. հայերիս համար վաղուց գոյաբանական նշանակություն ձեռք բերած արցախյան հիմնախնդիրն է: Այստեղ ամենակարևոր հարցադրումը, թերևս, այն է, թե որքանով ենք մենք, որպես հավաքական ամբողջություն, ընդունակ լինելու պահպանել այն հաղթանակը, որ առհավատչյան է դարձել մեր պետականության գոյության, երաշխիքը հայի՝ որպես առանձին տեսակի հարատևության:

Այս իմաստով, անկասկած, խիստ կարևորվում է հատկապես ավագների ու երիտասարդ սերնդի միջև գոյություն ունեցող անքակտելի կապի ամրապնդումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր դառնալու երկրում ապահովել առողջ ու ճշմարիտ սերնդափոխություն՝ շարունակական դարձնելով այն հաղթանակներն ու ձեռքբերումները, որոնք ընկած են ամեն բանի հիմքում: Ու չնայած՝ սովորաբար ընդունված է համարել, որ երիտասարդ սերունդն ավագներից ավելի պակաս չափով է կրում հայրենի ավանդույթների ու պապենական ավանդն իր մեջ, բայց, բարեբախտաբար, ինչպես կյանքն է ապացուցում, Հայաստանում քիչ չեն հասարակական այն առողջ ուժերը, որոնք, հավատարիմ ամեն ազգայինին, հայրենական ժառանգությանն, իրենց մեջ կրում են այն հաղթանակի կենսատու ոգին, որով ներշնչված են մեր հաղթանակներն ու, մասնավորապես, արցախյան հերոսամարտն՝ ինքնին:

«Միասնություն» համազգային շարժումը, որ իր ծիրից ներս միավորում է հասարակության՝ սեփական հայրենիքի ճակատագրով մտահոգ հատվածին, անկասկած, իր մեջ ամփոփում է արցախյան հաղթանակի այն ոգին, որը կյանք է տվել ու շարունակելու է տալ Հայաստան աշխարհին, հանդիսանալ հայի գոյության վեմը: Քաղաքական սերնդափոխությունը, որ, անշուշտ, մեր առջև կանգնած առաջնահերթություններից է, պետք է իրականացվի այնպես, այնպիսի հմտությամբ պետք է կյանքի կոչվի, որ հնարավոր լինի դաշտը զերծ պահել անցանկալի տարրերից, տալ դրական երանգ՝ հաստատ վստահ լինելով, որ արդյունքում երկիրը դուրս կգա ոչ թե կորուստներով՝ այլ շահած. հենց երիտասարդ սերնդի ներկայացուցիչների որակներից է մեծամասամբ կախված այն հարցը, թե ինչպիսի ապագա կունենա բոլորիս հայրենիքը:

Անքննարկելի ճշմարտություն է. ի դեմս «Միասնության»՝ հայաստանյան հասարակությունը գտել է այն իրական հարթակը, որը կարող է և պե՛տք է միավորիչ դեր խաղա հայրենատեր ուժերի միավորման հարցում, նրանց, որոնք լիակատարորեն արժևորում են մեր հերոսական հաղթանակները, գիտակցում արցախյան պայքարի դերն ու նշանակությունը՝ հիմա ու հետո...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ