Մեզանում մի փոքր սխալ է ընկալվել խորհրդարանական (ՀՀԿ-ում հավաքված նախկին կոմունիստներն ու կոմսոմոլները խորհրդարանականը շփոթել են խորհրդայինի հետ) համակարգի էությունը։ Դա ես հասկանում եմ՝ հետեւելով ՀՀԿ գործունեությանը, նրա գործիչների հայտարարություններին։ Խորհրդարանական կառավարումը ենթադրում է կուսակցությունների դերի բարձրացում, քաղաքական պատասխանատվության ինստիտուտի ամրագրում, բայց ոչ երբեք՝ պետական մարմինների ստորադասում որեւէ կուսակցության։ Վերջին հանգամանքը բնորոշ էր սովետների երկրին, որի սահմանադրության վեցերորդ տխրահռչակ հոդվածն, ի դեպ, դոմինանտ կարգավիճակ էր ընձեռում ԽՄԿԿ-ին։ Մեր սահմանադրությունը, բարեբախտաբար, նման բան չի նախատեսում ՀՀԿ-ի համար, սակայն Սերժ Սարգսյանի կուսակցությունն ապրում է այդ ռեժիմով՝ կամա թե ակամա «խժռելով» պետական մարմինների լիազորությունները։
Հանրապետականի քաղաքական մշակույթը նույնպես «կոմունիստական» է։ Իրեն հարգող եվրոպական որեւէ կուսակցություն (նույնիսկ՝ ֆրանսիական ուլտրաաջերն) երբեք չի հայտարարի, թե ինքը մեկ լիդերի կուսակցություն է։ Մերոնք դա անում են՝ Լենինի փոխարեն գլխավերեւում ունենալով Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Եվրոպական որեւէ կուսակցություն միաձայն որոշումներ չի կայացնում, որովհետեւ հատկապես խորհրդարանական կառավարումը ենթադրում է կարծիքների բազմազանություն՝ նաեւ կուսակցությունների ներսում։ Ֆրանսիայում, օրինակ, մի քանի օր առաջ տեղի ունեցավ իրենց հանրապետականների փրայմերիզը՝ ներկուսակցական քննարկում-քվեարկությունը։ Երկրի նախագահի թեկնածուի շուրջ բանավեճերն այնքան թեժ էին, որ թվում էր՝ հավաքվածները քաղաքական նույն թիմի անդամներ չեն։ Բայց այդ բանավեճերը միայն ուժեղացնում են եվրոպական կուսակցություններին ու դեմոկրատիան, որովհետեւ ծնում են նոր գաղափարներ ու լիդերներ։ Հայաստանում նման բան երազել չենք կարող, որովհետեւ ՀՀԿ-ում անգամ քննարկում չկա. բոլոր հարցերում՝ բոլորը համաձայն են Ազատիչի հետ։
Սովետական ռեստավրացիան բնորոշ է մեր ո՛չ միայն քաղաքականությանը։ Մենք չունենք ազատ տնտեսություն, ու բիզնեսը «քվոտայավորվում» է պետության կողմից։ Սա տիպիկ օլիգարխիկ կառավարում է, որին հնարավոր չէ տալ անգամ «պետական կապիտալիզմ» բնորոշումը։
Մեր մշակույթը չկարողացանք ձերբազատել կոլեկտիվիզմից՝ չհասկանալով, որ քաղաքակրթական արժեք ստեղծողն անհատն է, ոչ թե ստեղծագործական միությունը։
Այսպես էլ ապրում ենք՝ սոված, բայց ուրախ ու զվարթ՝ սպասելով «մայր կուսակցության» նոյեմբերի 26-ի «պատմական» համագումարին, որում կհնչեն «միակ լիդերի» նոյեմբերյան թեզերը, բուռն ծափահարություններ, ինչպես նաև կհաստատվի 2017-2022թթ.-ի «հնգամյա պլանը»։
Սարգիս Հակոբյան