Այսօր «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Արցախյան հիմնախնդիր. համազգային տեսլականներ» թեմայով:
Քննարկմանը «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանը շեշտեց, որ պետք է միահամուռ ուժերով անեն այնպես, որ Արցախը միավորվի Հայաստանի հետ: Ըստ նրա՝ Հայաստանի և Արցախի միավորմանն այլընտրանք չկա:
Քննարկմանը ներկա՝ քաղաքական գիտությունների դոկտոր, Հայկ Մարտիրոսյանն այս հարցում ամենակարևոր խնդիրը համարում է մադրիդյան սկզբունքներն ու Կազանի փաստաթուղթը, որից պետք է կատեգորիկ հրաժարվել:
«Շատ տարօրինակ հանգամանք կա այստեղ. մենք ապրիլին ունեցանք պատերազմական գործողություններ: Այսպիսի սրացում վերջին տասնամյակների ընթացքում չէր եղել: Դա հրաշալի առիթ էր՝ ասելու, որ այլևս բանակցելու ոչինչ չկա, որովհետև, եթե պատերազմ ես սկսում, ուրեմն ինքդ գտնում ես, որ բանակցությունների անհրաժեշտություն չկա և դրանք սպառել են իրենց: Հայկական կողմը պետք է արձագանքներ և ասեր՝ մենք ոչինչ չունենք այլևս խոսելու, մենք արդեն իրավականորեն ամրագրում ենք: Ոչ թե սպառնար դա անել՝ երկրորդ անգամ լայնամասշտաբ հարձակում գործելու ժամանակ: Պահն, իհարկե բաց թողնվեց»,- ասաց Մարտիրոսյանը:
Ըստ քաղաքագետի՝ եթե մենք զրկվում ենք ազատագրված տարածքներից անգամ մեկից, իսկ Հայաստանի ղեկավարությունը մինչև հիմա ցանկություն ունի դրա գնով Արցախին տալ անկախություն, ապա մենք մեզ դատապարտում ենք նոր պաշտպանական գծերի փոփոխության, ինչպես նաև մոտեցնում ենք ադրբեջանցիներին՝ իրենց երազանքին.
«Իրենց խնդիրն այլևս Արցախը կամ ԼՂԻՄ տարածքը վերցնելը չէ: Իրենց խնդիրն այլևս Երևանը վերցնելն է: Պանթուրքական նկրտումներն ամբողջությամբ պատել են նաև ադրբեջանցիներին: Նախ և առաջ ունենք խնդիր մեր երկրի ներսում՝ հասարակությանը բացատրելու, որ Արցախի անկախությունն ավելորդ է. պետք է տեղի ունենա միացում ու խնդիրը համարենք լուծված: Պատերազմը, իմ խորին համոզմամբ, անխուսափելի է: Նրանք, այնուամենայնիվ, ուզում են նաև Երևանը, և ինչ էլ զիջենք, ավելին են ուզելու:
Նման պայմաններում՝ պետք է կոշտ դիրքորոշում դրսևորենք և հասկանանք՝ ում հետ գործ ունենք»,- ասաց Մարտիրոսյանը: