Երեկ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն հատկացված եթերաժամանակի ողջ ընթացքում խոսեց Արցախի հակամարտության և դրա վերաբերյալ իր դիրքորոշումների մասին: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն, անդրադառնալով առաջին նախագահի տված հարցազրույցին, նշեց, որ անընդունելի է համարում նախկին նախագահի ցանկացած դիրքորոշում, որն առնչվում է Արցախին:
«Այդ մարդու տեսակետները, յուրաքանչյուր ասածն՝ անկարևոր և բովանդակազուրկ եմ համարում: Նա ներկա «Հանրապետկան» համակարգի հիմնադիրն է և սնում է մինչ օրս այդ կուսակցությունը: Նախկին նախագահի 45 րոպեանոց ելույթն ամբողջությամբ կատարելապես անկարևոր և ժամանակավրեպ է: Երկրի պետականությունը խարխլող այդ այլանդակ տեսակետները չեմ կարևորում և որպես ազատագրված տարածքի բնակիչ՝ մերժում եմ Արցախի խնդրի լուծման հարցում նրա ասած որևէ միտք: Լևոն-Տեր Պետրոսյանն ունի աղանդավորների մի մեծ բանակ, թող նրանք գնան և երկրպահգեն նախկին նախագահին»:
Նշենք, որ թեև բոլոր կուսակցություններն ու դաշինքներն այս օրերին իրենց հատկացված եթերաժամանակի ամեն մի վայրկյանն օգտագործում են իրենց քաղաքական ծրագրերը քաղաքացիներին ներկայացնելու համար, Լևոն Տեր-Պետրոսյանն օրիգինալ գտնվեց և քարոզարշավի ընթացքում 45 րոպեի ընթացքում բառ անգամ չխոսեց քարոզարշավի և իրենց քաղաքական ծրագրերի մասին: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի քարոզարշավի և քաղաքական ծրագրերի վերաբերյալ հարցադրումներ չհնչեցրեց նաև հաղորդավարուհին:
Մեր այս դիտարկմանն Ալեքսանդր Քանանյանը պատասխանեց. «Այն, որ ՀՀ առաջին նախագահը 45 րոպե խոսել է հողեր հանձնելու մասին և այն էլ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում, գալիս է փաստելու և վերահաստատելու, որ հողեր հանձնելու այս քարոզը պլանավորված էր իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի հետ և չի բխում հայ ժողովրդի կենսական շահերից»:
Աղավնի Սուքիասյան