Քայլեր ենք ձեռնարկել, տարբեր մարդիկ են եղել ու կարող եմ ասել, որ որևէ հաջողության չեն հասել։ Այս պահին անուններ չեմ նշի։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հակահեղափոխություն անելու փորձերի մասին հարցին։
Հարցին՝ պաշտոնանկություններ եղե՞լ են՝ Գրիգորյանը պատասխանեց. «Եղել են նաև պաշտոնանկություններ, այս պահին քննություն է ընթանում, եթե քրեական գործի անհրաժեշտություն լինի, կլինեն»։
Լրագրողի այն հարցին, որ վերջին շրջանում ուժային կառույցների պաշտոնանկությունները կապվա՞ծ են այս իրադարձությունների հետ՝ Գրիգորյանը պատասխանեց. «Ես անունների մասին այս պահին որևէ հստակություն չեմ մտցնի, ես կարող եմ ասել, որ առաջացել են նման խնդիրներ, նաև ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այդպիսի նպատակներ կան և կանխվել են, և դրա օգտագործման տարբեր ձևեր են եղել, սկսած ֆեյք օգտատերերի ֆեյք նյուզերից, մեր քաղաքական թիմից հեռացնելու միջոցով, փորձել տարբեր քայլեր ձեռնարկել, ասել, որ պետական համակարգը չի գործելու, տնտեսությունը ձախողելու է, պատերազմի մասով, որ հողեր ենք հանձնում, ամեն առավոտ հայտարարում էին, որ հեսա հողերը հանձնում ենք։ Հասել էր այն մակարդակի, որ հայտարարում էին, որ Հայաստանը սպառազինություն չի մտնում, բայց վերջում 2019 թ-ի արդյունքները ամփոփելուց պարզվել է, որ Հայաստանը աննախադեպ քանակի սպառազինություն է գնել»։
«Հողեր հանձնելու մասով Սերժ Սարգսյանը իր բազմաթիվ հարցազրույցներում հայտարարել է, եթե չեմ սխալվում ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում, կարող եք նայել իր հարցազրույցները, դրանց մասին Սերժ Սարգսյանը հստակ խոսել է։ Երբ որ Սերժ Սարգսյանին դրա մասով մեղադրանքներ եղել են, դրա հիմքը եղել է, մեր մասով նման բան չի եղել»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ ներկա իշխանությունները քննադատությունները ընկալում են որպես հեղաշրջման փորձ՝ Գրիգորյանը արձագանքեց. «Քննադատությունը երբեք չի կարող ընկալվել որպես կամ քրեական գործի հիմք, կամ հեղաշրջման, կամ այլ բանի փորձ։ Մենք հանդուրժում և խրախուսում ենք բազմակարծությունը»։
Հարցին՝ վախի մթնոլորտ չե՞ք ստեղծում՝ նա պատասխանեց. «Երևի Հայաստանը միակ երկիրն է աշխարհում ամբողջ պատմության ընթացքում բոլոր երկրների մեջ, որտեղ չակերտավոր ասաց 37 թվի պայմաններում Հայաստանը գրանցում է առաջընթաց, մենք գրանցում ենք խոսքի ազատության, բազմակարծության և ժողովրդավարության առաջընթաց»։
Հարցին՝ միայն ֆեյք նյուզերն են նման ենթադրությունների համար հիմք հանդիսանում, թե կան նաև այլ պատճառներ, նա ասաց, որ կան նաև այլ պատճառներ, որոնց մասին ինքը հիմա չի խոսի։