Այդ հարցն այլևս գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում։ ԱԱԾ-ում գործն ադեն քննվում է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը։
Հարցին, թե ըստ նրա հանցակազմ կա՞ր Վիտալի Բալասանյանի խոսքերում, Արմեն Գրիգորյանն ասաց․ «Դա իրավապահ մարմինները պետք է ճշտեն»։
Դիտարկմանը, թե արդյոք կոպիտ չէր իր այն գրառումը Վիտալի Բալասանյանի հայտարարության հետ կապված, Գրիգորյանը պատասխանեց․ «Եթե այսօր էլ այդ մտքերը ես արտահայտեի, նույն ձև կարտահայտեի»։
Այն հարցին, թե նա Վիտալի Բալասանյանի հետ հանդիպել, հաց է կիսել և ճի՞շտ է արդյոք, որ նա նման հայտարարություն է անում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Վիտալի Բալասանյանն էլ վարչապետի հետ է հաց կիսել և այդ հարցն առաջին հերթին իրեն պետք է տաք, ոչ թե ինձ»։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ այս դեպքը լարվածություն առաջացնի Հայաստանի և Արցախի միջև, ԱԽ քարտուղարն ասաց․ «Ընդհանրապես այդպիսի մոտեցում կա, որ եթե պաշտոնյաների միջև խոսակցություն է լինում դա կարող է ազդել երկրների հարաբերությոսւնների վրա։ Դա այդպես չէ և Արցախի մասով չի կարող այդպիսի բան լինել»։
Հարցին, թե ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանն իրեն դասալիք էր անվանել, ի՞նչ կասի այդ առնչությամբ, Գրիգորյանը պատասխանեց․ «Կեղծ լուր կա, նախ ուզում եմ ասել, որ ես ծառայել եմ պաշտպանության բանակում, դասալիք ասելով ես չգիտեմ Աղվան Վարդանյանն ինչ նկատի ունի, դե բնականաբար նա պետք է այդպես ասեր, քանի որ իր կարիերան ավարտվել է հեղափոխության ժամանակ, որում ես մեծ ներդրում եմ ունեցել»։