Իր պաշտոնը լքող Միխայիլ Սաակաշվիլին Բրյուսել կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության պաշտոնյաները սպառնում են իրեն հետապնդումներով նախագահական լիազորությունները վայր դնելուց հետո:

 

Սաակաշվիլին երեքշաբթի օրը մեկնել էր Բրյուսել, ուր հանդիպել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ. գրում է BBC-ն:

 

Վրացի նախագահի խոսքերով` կառավարության անդամներն իրեն սպառնալիս նույնիսկ նշել են այն բանտի անունը, ուր նա ենթադրաբար պիտի հայտնվի: Սաակաշվիլին կարծում է, որ իր ձերբակալությունը Մոսկվայի հետ Վրաստանի հարաբերությունների բարելավման պայմանն է:

 

«Ես կարծում եմ, որ դա չի համապատասխանում ժողովրդավարական եվրոպական ապագային: Դա վրաց ժողովրդի կամքի դեմ է»,-ասել է Սաակաշվիլին:

 

Իր հերթին Բարոզուն նախազգուշացրել է, որ Վրաստանի կառավարությունը չպիտի ընտրովի արդարադատություն կատարի: Վրաց կառավարությունը դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանել Սաակաշվիլիի հայտարարույթունը, սակայն հայտարարել է, որ նրա այցը Բրյուսել իրենց համար անակնկալ է եղել: