Զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ մեղադրվող «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սեֆիլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ: Այս մասին երեկ հայտարարել է նրա կինը՝ Նանոր Սէֆիլյանը: Այսօր արդեն Սէֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց՝ իրենց կարծիքով՝ այս քայլը միտված է Սէֆիլյանի կյանքն ավելի բարդացնելուն:
«Մենք նոր ենք իմացել այդ մասին: Նրանք պետք է որոշում կայացնեին, այդ որոշման մասին տեղեկացնեին թե՛ մեղադրյալին, թե՛ նրա պաշտպանին: Բայց այդ որոշումը չի տրամադրվել մեզ և մենք բացարձակապես անտեղյակ ենք, թե այդ որոշումն ինչի հիման վրա է կայացվել, ինչ նկատառումներ հաշվի առնելով: Ամենայն հավանականությամբ, սա արվում է նրա կյանքն ավելի բարդացնելու համար: Ամենաողջամիտ պատասխանը դա է: Ու ոչ միայն իր կյանքը բարդացնելու, այլև մեր, քանի որ մենք հիմա ակտիվ փուլում ենք, ծանոթանում ենք գործի նյութերին և կարիք է առաջանում հաղորդակցվելու, գնալու նրա մոտ, տեսակցելու: Այս պայմաններում՝ դա անելը շատ բարդացել ու դժվարացել է»,- մանրամասնեց պաշտպանը:
Նրա խոսքով՝ անգամ չեն ուզում պատկերացնել, թե ինչ խցում են պահելու Սէֆիլյանին և ինչ են անելու. «Նա այստեղ առանձին խցում էր, այնտեղ չգիտեմ ինչ պայմաններ են նրան տրամադրել: Չեմ ուզում մտածել, որ այդպես ուզում են նրա վրա ճնշում գործադրել խցակիցների միջոցով և այլն: Չեմ ուզում մտածել, բայց....»:
Նշենք, որ Ժիրայր Սէֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։