Երբ Հայաստանում հայտարարվեց հին կառավարությունը ցրելու ու նորը կազմավորելու մասին լուրը, ոմանց մոտ հույսեր արթնացան, որ նորը որակապես տարբերվելու է իր նախորդից, ու բոլոր այն արատավոր երևույթներն ու սպառված գործելաոճը, որ բնորոշ էր հնին, կարող են մնալ անցյալում: Պետք է խոստովանել, որ գոնե սկզբնական շրջանում՝ նմանօրինակ ակնկալիքներն այնքան էլ աներևակայելի չէին թվում. Կարապետյանի ձգտումը՝ զրոյից ձևավորելու սեփական կառավարությունն ու այն լցնելու՝ հիմնականում տեխնոկրատներով, բավական խոստումնալից էր թվում նույնիսկ ամենաթերահավատին: Հանգամանքը, որ կառավարության հին կազմից մի քանիսին Կարապետյանն, այնուամենայնիվ, որոշեց չձեռնահարել, քչերին թվաց կասկածելի ու մարդկանց շրջանում հիմնական իշխող կարծիքն այն էր, որ հներն էլ, ինչպիսին, ասենք, նույն Արտեմ Ասատրյանն է, հաշվի առնելով իրողություններն ու նոր հանգամանքները, կանեն ամեն բան՝ սեփական գործելաոճը առավելագույնս համապատասխանեցնելու այն տրամաբանաությանը, որ փորձում էր հաստատել Կարապետյանը՝ գործադիրում:
Չնայած ոմանք այն կարծիքին են, որ դեռևս բավարար ժամանակ չի անցել՝ համապարփակ գնահատականներ հնչեցնելու նորաթուխ կառավարության գործունեությանն, ու այդ անելու համար դեռևս ժամանակ է հարկավոր, բայց, դատելով ամենայնից՝ արդեն իսկ կարելի է պնդել, որ հնի ու նորի միջև որակական տարբերության իմաստով՝ խոշոր հաշվով տեկտոնական տեղաշարժեր չեն գրանցվել:
Մամուլում բավական մեծ աղմուկ է հանել, մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կողմից շարունակաբար թույլ տրվող խախտումների ու չարաշահումների մասին ակտիվորեն շրջանառվող խոսակցությունները, որոնք հասցրել են այնպիսի հսկայական ծավալներ ընդունել վերջին տարիների ընթացքում, որ անկարելի է նույնիսկ պատկերացնել: Բողոքներ են հրապարակվել այն մասին, թե ինչպես է Ասատրյանը հաջողությամբ ու բավական ճարպկորեն պարարտանում կարիքավոր մարդկանց հաշվին: Պարզվում է՝ սոցապնախարարը նույնիսկ հաշմանդամ երեխաների անվասայլակների վրա է գումար աշխատում, զինհաշմանդամների ու «Փարոս» ստացողների գումարներն է յուրացնում. թալանի միջոց՝ նախարարությունում հանդիսանում է ամեն բան՝ շնչավոր, թե անշունչ՝ սկսած անվասայլակներից՝ մինչև թոշակների ձևակերպում:
Իհարկե, վստահաբար, Ասատրյանը միակը չէ, ով հարստանում է քաղաքացիների հաշվին, բայց, համաձայնե՛ք, որ նրա կողմից թույլ տրված չարաշահումները գոնե բարոյական առումով շատ ավելի «դժվարամարս» են, քան՝ մյուսներինը, քանի որ վերաբերվում են ամենախոցելիներին:
Այսքանից հետո ցանկացած բանական մեկի մոտ մի շատ բնական հարց կարող է առաջանալ՝ հատկապես ինչո՞վ է պայմանավորված Արտեմ Ասատրյանի հանդեպ ղեկավարության որդեգրած աննախադեպ սիրալիր վերաբերմունքը, ինչո՞վ է սույն անձը վաստակել անձեռնամխելի լինելու՝ յուր առավելությունը: Մի՞թե ողջ Հանրապետությունում չի գտնվում ավելի կոմպետենտ մեկն, ով իր աշխատանքին կվերաբերվեր ոչ թե որպես մեղրի անհուն տակառի, այլ կունենար պատասխանատվություն ու սկզբունքայնություն՝ հասարակության խոցելի խմբերի հաշվին «փոր չգցելու»...
Անկասկած է, որքան էլ քարոզչական մակարդակում փորձ արվի ներկայիս կառավարությունը ներկայացնել որպես ազգային փրկության կառավարություն, քանի դեռ քարոզչական տեքստերը շարունակելու են ոչ մի աղերս չունենալ իրականության հետ, համապատասխան պրոպագանդա իրականացնողների մոտ ոչինչ չի ստացվելու. մեկ գործը հազար խոսք արժե: Սա՝ ի գիտություն բոլորի:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ