Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ անընդմեջ գլխավորել է Forbes հանդեսի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը: «Աշխարհի ամենաազդեցիկ մարդը չորրորդ անգամ անընդմեջ Ռուսաստանի նախագահն է, ով իր երկրի ազդեցությունը տարածում է երկրագնդի գրեթե յուրաքանչյուր անկյունում»,- ընդգծել է հանդեսը:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն է, երրորդում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով 2015-ին զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը:
Ցուցակում նաև ընդգրկվել են Microsoft-ի հիմնադրամի Բիլ Գեյթսը (7-րդ տեղ), Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին (9-րդ), Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (10-րդ), ՄԱԿ-ի նորընտիր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն (70-րդ), «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Այման ազ-Զավահիրին (71-րդ տեղ):
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, ով նախորդ տարվա ցանկում եղել է երրորդը, ընթացիկ վարկանիշային աղյուսակում բավարարվել է 48-րդ հորիզոնականով:
Այս տարի Պուտինը դարձել է միակը, ով հանդեսի ցանկում ներկայացնում է Ռուսաստանը: