Forbes ամսագրի փորձագետները, հնարավոր է, Պուտինին են շնորհել տարվա ամենաազդեցիկ մարդու տիտղոսը սիրիական հակամարտության մեջ նրա ունեցած դերակատարման համար. կարծում է Forbes-ի գլխավոր խմբագիր Մայքլ Նորը:

 

«Ես չեմ կարող հստակ ասել, թե ինչու է Պուտինը առաջին տեղում հայտնվել: Դա մասնագետների կոլեկտիվ կարծիքն է, սակայն կարող եմ ենթադրել, որ այդ որոշումը կայացվել է ԱՄՆ-ի բյուջետային ճգնաժամի ֆոնի վրա, երբ Բարաք Օբաման թույլ կողմ դրսևորեց: Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը չկարողացավ նախաձեռնող դիրքորոշում ընդունել, ողջ աշխարհում սկանդալ բռնկվեց ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից իրականացվող գաղտնալսումների շուրջ. միևնույն ժամանակ, Պուտինը միջազգային ասպարեզում առավել վճռական է գործում: Այս տարի նա առանցքային դեր խաղաց նաև սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Հենց այս պատճառով էլ, կարծում եմ, փորձագետները նրան են տվել առաջնահերթությունը»,-նշել է Նորը Россия-24-ի եթերում:

 

«Մենք դիտարկել ենք 150 թեկնածուի' 4 հիմնական չափորոշիչներից ելնելով: Առաջինը' ֆինանսական ռեսուրսներն են, որոնք գտնվում են առաջնորդների տրամադրության տակ, երկրորդը'մենք հաշվի ենք առնում, թե որքանով է թեկնածուն ձգտում իշխանության գլուխ մնալ և որքան ակտիվ է օգտագործում դրա համար իր ռեսուրսները, ինչպես նաև' թե ինչ ոլորտների վրա է տարածվում այս կամ այն թեկնածուի ազդեցությունը»,-ասել է փորձագետը:

 

Հիշեցնենք, որ Forbes-ի կազմած` աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը այս տարի գլխավորում է Վլադիմիր Պուտինը, ով առաջ է անցել Բարաք Օբամայից' թողնելով նրան 2-րդ հորիզոնականում: Իսկ 3-րդը Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինն է: