Ստորև ներկայացնում ենք Հայ Ազգային Կոնգրեսի 2 (20) համագումարի ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված.

 

«Անտեսանելին 1998 թվականից ի վեր Հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է, այլ կերպ ասած՝ Ղարաբաղյան ստատուս-քվոն պահպանելու եւ հարյուր տարի էլ շրջափակումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը։ Թե ժամանակին կանխատեսված ինչպիսի կործանարար հետեւանքների է հասցրել այս փիլիսոփայությունը, կարծում եմ, ավելորդ է պարզաբանել։ Փաստն այն է, որ ժողովրդագրական, տնտեսական եւ ռազմական առումներով 1998 թվականին մենք ունեինք մի երկիր, իսկ այսօր ապրում ենք բոլորովին մի այլ երկրում։ Դա նշանակում է, որ այն կարեւորագույն խնդիրը, որը շատ ավելի ուժեղ վիճակում կարող էինք լուծել 18 տարի առաջ, այժմ հարկադրված ենք լուծել անհամեմատ թուլացած վիճակում։ Իսկ մի քիչ էլ հապաղելու պարագայում անխուսափելիորեն կհայտնվենք սրանից վատթար դրության մեջ, կրկնելով 1920 թվականի արկածախնդրությունը, երբ, ձգտելով առավելագույն տարածքային ընդարձակման, կորցրինք Հայաստանի Հանրապետության ունեցած տարածքի մոտավորապես կեսը։

 

Թվում էր, թե 2008 թվականի տնտեսական ճգնաժամի դեռեւս չհաղթահարված հետեւանքները, արտագաղթի ահագնացող տեմպերը, վտանգավոր չափերի հասած պետական պարտքը, դրա հետ կապված դեֆոլտի սպառնալիքը եւ մանավանդ ապրիլյան պատերազմի առաջացրած ցնցումը սթափեցնող ազդեցություն կունենան Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց ստիպելով արմատապես վերանայել Ղարաբաղի հարցում իրենց որդեգրած ապակառուցողական, աղետաբեր քաղաքականությունը, եւ նշված մարտահրավերները դիմագրավելու բոլորովին այլ ռազմավարություն մշակել։ Սակայն դատելով վարչախմբի արձագանքից, կարծես թե, այս հարցում էլ մեզ հիասթափություն է սպասում, քանի որ ակնկալված ռացիոնալ քայլերի փոխարեն, նա հրապարակ է նետել մի նոր անհեթեթ գաղափարախոսություն, որը կրկին մեզ դեպի փակուղի է առաջնորդում, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով։ Խոսքը վերաբերում է «ազգ-բանակ» ձեւավորելու մտահղացմանը, որը ցավալիորեն տեղ է գտել անգամ նոր կառավարության ծրագրում։ Մի կողմ դնելով հարցի բարոյական կողմը, որը վերաբերում է որպես «ազգ-բանակի» կառուցման առաջին քայլը դիտվող նոր հարկատեսակի կիրառմանը, ես կանդրադառնամ միայն այդ հասկացության քաղաքական բովանդակությանը։

 

* * *


Բնականաբար հարց է առաջանում. եթե, ինչպես տեսանք, Հայաստանն իր անվտանգ գոյությունը պահպանելու համար պարտադրված չէ դիմելու «ազգ-բանակի» ստեղծման ծայրահեղ քայլին, ապա այդ խնդիրն իր առջեւ դնելով, ի՞նչ նպատակ է հետապնդում մեր երկրի իշխանությունը։ Կարելի է, իհարկե, մտածել, եւ այդպես մտածողներ կան, որ «ազգ-բանակ» գաղափարի առաջքաշումը իշխող կուսակցության հերթական հայրենասիրախաղերից կամ նախընտրական փուչ կարգախոսներից մեկն է՝ «ազգովի դառնանք ֆիդայի», «համաշխարհային ազգ», «ազգ-կազմակերպություն», «ծովից-ծով Հայաստան», «Քուռ-Արաքսյան հանրապետություն», «ոչ մի թիզ հող», «համահայկական բանկ», «Գյումրին՝ տեխնոպարկ», «Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն», «Ստամբուլը՝ արյան ծով» հեքիաթների շարքից։ Եթե այդպես է, ուրեմն «ազգ-բանակի» գաղափարն այնքան էլ վտանգավոր չէ, որովհետեւ նախորդ փուչիկների պես շուտով կպայթի։

 

Իսկ եթե վարչախմբի մտադրությունն այս անգամ լուրջ է, ապա անհրաժեշտ է հարցին անդրադառնալ նույնքան լրջորեն։ Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ այդ գաղափարը ստատուս-քվոյի պահպանման միեւնույն ռազմավարությունն է՝ մատուցված ուրիշ փաթեթավորումով։ Այսինքն, մեր իշխանությանը հոգեհարազատ մարկետինգի տրամաբանությամբ՝ իր սնանկությունն ապացուցած, բարոյապես մաշված եւ սպառողին ձանձրացրած բրենդը փոխարինվել է մի այլ, ավելի գրավիչ ու բարեհունչ բրենդով։ Այլ կերպ ասած, դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրահռչակ քաղաքականությունը, որն այս կարճ ժամանակամիջոցում արդեն իսկ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու բարոյահոգեբանական բազում ավերներ է գործել Հայաստանում եւ Ղարաբաղում։ Դա նշանակում է առնվազն եւս 18 տարի ենթարկվել այդ ավերներին, մինչեւ Հայաստանից ու Ղարաբաղից բան չմնա, եւ խնդիրն ինքնըստինքյան կորցնի իր ակտուալությունը։

 

Բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման գլխավոր երաշխիքը Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է։ Պարզվում է, սակայն, որ այս տարրական ճշմարտությունն ըմբռնելու համար 18 տարին էլ չի բավականացրել մեր իշխանություններին։ Իրականում խնդիրը մեկն է՝ Ղարաբաղի հարցի լուծումը, որից հետո հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն ինքնաբերաբար։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։

 

Անցյալը մի կողմ դրած, ակնհայտ է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական պահը բաց չթողնելու հրամայականի առջեւ, ինչի վկայությունն են, մասնավորապես, վերջին շրջանում այդ ուղղությամբ Ռուսաստանի գործադրած լուրջ ջանքերը։ Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, եւ նրա այդ ջանքերն, արդ, գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արեւմուտքը եւս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, Ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստահաբար, ոչ միայն գիտակցում, այլեւ գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունն այդ հարցում։

 

Հայ Ազգային Կոնգրեսը, իր նախորդի՝ Հայոց Համազգային Շարժման պես, Հայաստանի միակ կուսակցությունն է, որը ոչ միայն երբեք չի թաքցրել, այլեւ բազմիցս հրապարակավ հայտարարել է փոխզիջման եւ խաղաղության կողմնակցի իր դավանանքը։ Հետեւաբար, ոչ միայն սկզբունքի տեսակետից, այլեւ իրավիճակի թելադրանքով Կոնգրեսն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցի սպառազինությունների մրցավազքի դադարեցման, նոր պատերազմի վտանգի բացառման, Ղարաբաղի հարցի լուծման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կառուցողական ծրագրով, որը բխում է ոչ թե մեր կուսակցության, այլ բացառապես Հայաստանի ու Ղարաբաղի ժողովրդի կենսական շահերից։ Այդ ծրագիրը, բնականաբար, հնարավոր է իրականացնել միայն ընտրություններում Կոնգրեսի հաղթանակի կամ Ազգային Ժողովում պատկառելի ներկայություն ունենալու պարագայում։