ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Լենտա.ռու-ին տված հարցազրույցում չի բացառել Ադրբեջանի հետ զինված հակամարտության հնարավոր վերսկսումը:

 

«1994թ.-ին Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան եռակողմ ձևաչափով կրակի դադարեցման մասին համաձայնագիր է ստորագրվել: Ցավոք, 1994թ.-ից սկսած՝ Բաքուն ավելի քան 20 տարի խոչընդոտում է խաղաղ գործընթացին: Ավելին՝ հետևողականորեն ձախողվում են միջազգային հանրության՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, հակամարտության լուծման հնարավոր տարբերակներ գտնելու փորձերը: Ընթացիկ տարվա ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ավանտյուրա ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որը լիովին տապալվեց: Այժմ մենք մեր աշխատանքը կառուցում ենք այն ենթադրության վրա, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել»,- նախարարի խոսքերն է մեջբերում լրատվականը:

 

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանին ու տարածաշրջանի երկրներին ձեռնտու չէ հակամարտության հնարավոր սրումը:

 

«Իրադարձությունների նման զարգացման դեպքում, Երևանը, լինելով ԼՂՀ անվտանգության երաշխավորը, ստիպված է լինելու ներքաշվել կոնֆլիկտի մեջ: Ակնհայտ է, որ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կլինի ողջ Հարավային Կովկասի համար»,-շեշտել է նախարարը:

 

Վիգեն Սարգսյանը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերություներից, հետագա պլաններից: 

 

Նախարարի հարցազրույցը կարող եք մանրամասն կարդալ այս հղմամբ: