Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ նվազում է նկատվում: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

«Թեև իրավիճակը հանգիստ է, բայց լարվածության միտումներ կան, հնարավոր է լարվածության աճ նկատվի սեպտեմբեր-հոկտեմբերին»,-նշեց Մնացականյանը:

 

Խոսելով սահմանին ադրբեջանական զինուժի կուտակումների մասին, նախարարն ասաց, որ հիմա այդ ուժերրը հիմնականում հետ են քաշված. «Մեր եզրակացությունն այն է, որ հնարավոր է ցանկացած սադրանք: Ցանկացած փոքր միջադեպ կարող է վերածվել լայնամասշտաբ գործողությունների: Մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք»,-ասաց Լեւոն Մնացականյանը։ 

Անդրադառնալով առաջնագծում զինծառայողների ջրի խնդրին, նախարարը նշեց, որ վերջիններս նման խնդիր չունեն.

«Տղաներն ընդամենը 100-200 մետր են գնում ջրի համար: Ջրամատակարարման հարցը լուծում ենք, իսկ առաջնագծում զինծառայողը ջրի խնդիր չունի, կրկնակի ջուր է տարվում, լողանալն էլ շաբաթը մեկ անգամ կազմակերպվում է հենց առաջնագծում»,-ասաց նախարարը: