ՀԱԿ համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը՝ ղարաբաղյան հարցում փոխզիջումների գնալու վերաբերյալ, մեծ աղմուկ է բարձրացրել թե՛ համացանցում, թե՛ լրատվականների տիրույթում: Չեն դադարում քննադատություններ հնչել առաջին նախագահի հասցեին: Քաղաքագետները, պատգամավորները, ազատամարտիկները հայտարարում են, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Կրեմլին ուղղված քայլ էր, ինչու չէ՝ նաև առաջիկա խորհրդարանում մեկ-երկու մանդատ ստանալուն:
«Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ»,- ելույթի ժամանակ ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Շատերի կարծիքով՝ ԼՏՊ-ն իր այդ հայտարարությամբ կանգնում է Սարգսյանի կողքին՝ սատարելով հողեր հանձնելու գաղափարին: Առաջին նախագահի ելույթից հետո սոցկայքերում ակտիվորեն քարոզում են հողեր հանձնելու, փոխզիջումների գնալու, խաղաղություն ձեռք բերելու և պատերազմից խուսափելու գաղափարը: Այլ կերպ ասած՝ ակտիվորեն քարոզվում է պարտվողական քաղաքականությունը:
Օրինակ՝ Լևոն Տեր Պետրոսյանի քրոջ որդին՝ Առաքել Սեմիրջյանը, այսպես ասած, հարցում է կատարել. 800 հա հողը հանձնել Ադրբեջանին առանց զոհի՞, թե՞ նույն այդ 800 հա տարածքը տալ՝ 150 զոհ ունենալով: Կարծիքները, իհարկե, հակասական են: Սակայն այն, որ սոցցացնցերում ակտիվ քարոզչություն է գնում, հատկապես ՀԱԿ-ի անդամների կողմից, անհերքելի է:
Ինչ խոսք, հակառակ կարծիքն արտահայտողները ևս շատ են: Շատերը հողեր հանձնելու, Արցախի կարգավիճակ ստանալու և պատերազմից խուսափելու գաղափարի համացանցային քարոզչությունը դասական սադրանք են որակում: Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր, ծրագրավորող Տիգրան Մարտիրոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասում է՝ պարտվողական տրամադրությունների քարոզչությունը շատ վտանգավոր է:
«Հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո՝ նոր թափով սկսեցին շրջանառվել այդ խոսակցությունները: Չնայած՝ նույն գաղափարները հնչում են նաև իշխանական թևի կողմից, որ պետք է շրջաններ հանձնել՝ կարգավիճակի դիմաց: Բայց ԼՏՊ-ի ասածն ավելի ռադիկալ էր այն առումով, որ նա ասում է՝ շրջանները պետք է հանձնել ոչ թե հստակ կարգավիճակի դիմաց, այլ՝ փուլային տարբերակով, որը որ առաջ են տանում հենց ադրբեջանցիները: Ամեն դեպքում՝ իմ կարծիքով, նույնիսկ հստակ կարգավիճակի, Արցախի անկախության ճանաչման դիմաց, ոչ մի սանտիմետր հող չպետք է հանձնել: Մենք մեր թիկունքը բացելու ենք ու Ադրբեջանը հաստատ գտնելու է այն պատրվակը, որի արդյունքում պատերազմ է սանձազերծվելու ու արդյունքում կորցնելու ենք ամբողջ Արցախը: Ոչ մի Ռուսաստան, ոչ մի միջազգային հանրություն՝ չի փրկելու մեզ, մենք ենք մեզ փրկողը: Եթե մենք այդքանը գիտակցում ենք, ո՛չ մի պարագայում ո՛չ մի թիզ հող չպետք է հանձնենք: Տրամաբանական պատճառ չկա, որի համար մենք պետք է հող հանձնենք: Անգամ նման խոսակցություններ չպետք է շրջանառվեն»:
Մեր զրուցակցի խոսքով՝ սոցցանցերում, հատկապես ՀԱԿ անդամների կողմից քարոզվում է հող հանձնելու և խաղաղություն ստանալու գաղափարը: «Ոչ մի դեպքում հող հանձնելը չի բերելու խաղաղության: Հակառակը՝ եթե մենք հող հանձնեցինք, կորցնելու ենք և՛ Արցախը, և՛ վտանգվելու է ամբողջ Հայաստանի անվտանգությունը»,- նշում է Տիգրանը: Ըստ նրա ենթադրությունների՝ նման գաղափարներ տարածողները կամ կոնկրետ ՀԱԿ-ի անդամները, համակիրները, հետապնդում են առաջիկա խորհրդարանում մի քանի աթոռ ունենալ: «Ասենք՝ Ռուսաստանը կարող է ՀՀ իշխանություններին ասել՝ այսինչ ուժը ինձ դուր է գալիս, խորհրդարանում մի քանի մանդատ տուր և այլն: Իհարկե, աբսուրդ է, որ Ռուսաստանը պետք է Հայաստանում ինչ-որ հարցեր որոշի: Համենայն դեպս՝ հող չհանձնելու կողմնակիցները շատ ավելի շատ են ու ադեկվատ, քան հակառակը: Ուղղակի խնդիրը նրանում է, որ եթե այս ամենի դեմը չառնենք, մարդիկ, ովքեր կողմնորոշված չեն, կարող են ընկնել այդ քարոզչության տակ, կարող են փոխել իրենց տեսակետները, ինչն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը և հավելեց՝ «հակառակ կողմից բերվող ցանկացած չակերտավոր փաստարկ հիմնավոր ձևով ջախջախել ու ներկայացնել լուրջ փաստարկներ»:
Քրիստինա Աղալարյան