Հանրայինի եթերում Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում արտահայտված մտքերը մինչ օրս հանրային քննարկման են ենթարկվում: Տեր-Պետրոսյանը հստակեցրել էր ՀԱԿ մոտեցումները արցախյան հակամարտության կարգավորման շուրջ, որոնք տարակուսելի կերպով համահունչ էին իշխանությունների տեսլականի հետ:


ՀԱԿ պատգամավորության թեկնածուները կոչ են անում նայել իրականությանը եւ հայտարարում, թե Աղդամն ու Ֆիզուլին այդ ե՞րբ են Ղարաբաղի մաս եղել: Հարցին, թե ինչու են որոշել այդ գաղափարն առաջ քաշել, ՀԱԿ անդամները պատասխանում են, որ դա ոչ թե իրենց առաջարկն է, այլ Մադրիդյան սկզբունքները, որոնք իշխանություններն արդեն երկար տարիներ քննարկում են: Սակայն հարց է առաջանում՝ եթե դա իշխանության գաղափարն է, ապա ինչու ժողովուրդը հանուն խաղաղության՝ պետք է քվեարկի Կոնգրեսի, այլ ոչ թե ՀՀԿ-ի օգտին: Չէ՞ որ ՀՀԿ-ական իշխանությունն է բանակցում Մադրիդյան սկզբունքների շուրջ: Ստացվում է, որ Կոնգրեսը բացահայտ կամ քողարկված՝ քարոզչություն է անում ՀՀԿ-ի օգտին:


Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հետո լուրջ կասկածի տակ դրվեց ՀԱԿ–ի՝ ընդդիմադիր ամպլուան: Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրեցին իշխանությունների խոսափողը լինելու մեջ: Անշուշտ, ստեղծված իրավիճակից ելք գտնելու և օր օրի նոսրացող ընդդիմադիր ընտրազանգվածին հետ բերելու նպատակով ՀԱԿ-ն այսօր փոխում է իշխանությունների հետ խոսելու տոնայնությունը և շեշտադրումները:


Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ եթե իշխանությունը գնում է Արցախի խնդրի մադրիդյան սկզբունքներով լուծման, ապա աջակցում են, բայց միեւնույն ժամանակ կոշտ ընդդիմություն են կոռուպցիայի վերացման, դրա դեմ պայքարի հարցում: Հպանցիկ հայացքը ՀԱԿ նախընտրական ծրագրին թույլ է տալիս ոչ առանց հիմնավորման պնդելու, որ կոռուպցիայի դեմ պայքարն ի սկզբանե չի եղել ընտրություններից հետո ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի գերակա խնդիրը: Իսկ այժմ ՀԱԿ-ը հայտարարում է, որ հենց կոռուպցիայի դեմ պայքարի հարցում՝ իշխանությունների թիվ մեկ ընդդիմախոսն է: 


Լևոն Տեր-Պետրոսյանը, փայլուն տիրապետելով քաղաքական ռազմավարության մշակմանը, ակնհայտորեն քայլ է կատարել՝ շտկելու ստեղծված իրավիճակը: Անհրաժեշտ էր որևէ կոնկրետ հարցում հակադարձել իշխանություններին, և ընտրվել է վերջիններիս համար ամենախոցելի և ցավոտ հարցը՝ կոռուպցիան: Սակայն, մյուս կողմից՝ բավականին ուշագրավ պատկեր է ի հայտ գալիս. փաստորեն, ըստ ՀԱԿ-ի՝ հնարավոր է մի հարցում աջակցել իշխանությանըմյուսում՝ լինել կոշտ ընդդիմություն: Առաջին հայացքից այստեղ տարակուսելի որևէ բան չկա, ամենը տեղավորվում է քաղաքական գործընթացների ներքին տրամաբանության մեջ: Այլ հարց է, թե ինչպիսի գնահատական կտա հանրությունը՝ տեր-պետրոսյանական այս ճկուն ռազմավարությանը:


Հատկապես հաշվի առնելով այն, որ ՀԱԿ-ը իր առաջնորդի շուրթերով բազմիցս հնչեցրել է այն միտքը, որ քանի դեռ լուծված չէ Արցախի հիմնահարցը, չեն կարող լուծվել տնտեսության զարգացման, ժողովրդավարական նորմերի հաստատման և …կոռուպցիայի հաղթահարման հարցերը:


ՀԱԿ-ի տրամաբանությամբ, երկրում առկա խնդիրների ողջ համաբույլը հետևանք է մեկ բանի՝ արցախյան խնդրի կարգավորված չլինելու: Միևնույն ժամանակ՝ ՀԱԿ–ը չի բարձրաձայնում՝ արդյոք ստեղծված իրավիճակը, այն, որ մեր երկիրը թևակոխել է քաղաքական ապատիայի և տնտեսական անկման նոր փուլ, արցախյան խնդրի պատճառո՞վ է, թե՞ իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ և էֆեկտիվ գործելու՝ խնդիրներին ժամանակին և պատշաճ կերպով լուծում չգտնելու մեջ է:


ՀԱԿ-ը, կարծես թե, ինքն էլ խճճվել է այն բարդ քաղաքական հաշվարկների մեջ, որին այդքան ջանում է ծրագրային բովանդակություն և գաղափարական հակադրում հաղորդել: Իսկ հաշվարկները միտված են ընդամենը մեկ պարզ նպատակի հասնելուն, այն է, ապահովելու ձայների 7 տոկոսը, ինչը թույլ կտա ՀԱԿ-ին՝ կրկին անգամ հայտնվել ՀՀ ԱԺ-ում: Ընտրություններից հետո շահագրգիռ ուժերը ջանալու են արագացնել արցախյան հարցում բանակցային գործընթացը և ուղղել այն իրենց համար շահավետ հունով: Իսկ Հայաստանի խորհրդարանում պետք են ուժեր, որոնք կաջակցեն այս սցենարին:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ