ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Քանաքեռի ԶՈՒ թիվ N զորամաս:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով զորամասի հրամանատարական կազմին ու զինվորներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց խաղաղություն, սեր եւ համերաշխություն, ուժ ու կորով: Նա մասնավորապես նշել է. «Սիրելի երիտասարդներ, ամեն ժամ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մտածում է ձեր մասին, գիտի,որ ունենք հաղթական բանակ, հ երոս բանակ, խիզախ զինվորներ, սպասում է բարի լուրերի ձեր ծառայության ու խիզախության մասին: Մենք հպարտանում ենք ձեր քաջությամբ, հակառակորդին համարժեք պատասխան տալու ձեր վճռականությամբ, Հայաստանի սահմանների ամբողջականությունը պաշտպանելու պատրաստակամությամբ ու խիզախ կեցվածքով: Թող 2017 թվականը բոլորիս ցանկությունների, երազանքների կատարման տարի լինի, խաղաղության տարի»:

 

Նախարար Հրանուշ Հակոբյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով, հորդորել է շատ կարդալ, աչալուրջ և զգոն լինել: Այնուհետև նախարարն այցելել է զորանոց, ծանոթացավ զինվորների կենցաղային պայմաններին:

 

Հրաժեշտին սփյուռքի նախարարը զինվորներին և հրամանատարական կազմին մաղթել է բարի ծառայություն և խաղաղ երկինք: