«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 29-ին, ստացել են մեկ ամսվա աշխատավարձի 80 տոկոսը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց գործարանի աշխատակից Սերգեյ Պապյանը:
Նրա խոսքով՝ մեկ ամսվա աշխատավարձի 20 տոկոսը և ևս 4 ամսվա աշխատավարձ՝ դեռ չեն ստացել: Դեկտեմբեր ամսվա աշխատավարձի 20 տոկոսը, մեր զրուցակցի փոխանցմամբ, հավանաբար մինչև հունվարի 15-ը կստանան: Ի դեպ՝ Կառավարության դիմաց բողոքի ակցիաներից հետո գործարանի սնանկության կառավարիչը խոստացել էր «Նաիրիտ»-ի 260 աշխատակիցների դեկտեմբեր ամսվա գումարը վճարել, բացի այդ, նշել էր, որ մնացած 4 ամիսների աշխատավարձը կստանան գործարանի գույքը վաճառվելուց հետո:
Սերգեյ Պապյանի տեղեկացմամբ՝ իրենք 4 ամսվա չվճարված աշխատավարձերը ստանալու պահանջով արդեն իսկ դիմել են դատարան:
Նշենք, որ գործարանը սնանկ էր ճանաչվել նոյեմբերի 28-ին տեղի ունեցած արագացված դատական նիստի ժամանակ: Ըստ դատական ակտի՝ որոշվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ից՝ հօգուտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ՝ որպես դիմողի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, և այն որպես դատական ծախս գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված «դ» հերթում, որը պետք է մարվի պարտապանի միջոցներից։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ 15 օրվա ընթացքում։