«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր նախապես խոստացված 1 ամսվա աշխատավարձը կստանան: Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը։
Նշենք, որ օրերս աշխատակիցները նախագահական նստավայրի առջև իրենց պահանջները ներկայացրին.
1. վճարել «Նաիրիտ» գործարանի՝ արդեն 12 ամսվա աշխատավարձները,
2. վերագործարկել գործարանը և «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ապահովել աշխատանքով:
Չնայած նաիրիտցիները պահանջում էին 12 ամսվա իրենց աշխատավարձը, բայց այսօր կստանան միայն 1 ամսվանը:
Անուշ Հարությունյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց նաև, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը, պաշտոնից հեռացել է իր իսկ դիմումի համաձայն։
Նշենք, որ Աշոտ Սարգսյանը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը, ով 2005-ից մինչև վերջերս զբաղեցնում էր գործարանի կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնը, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների՝ սերտ առնչություն ունի գործարանում վերջին տարիներին տեղի ունեցած ֆինանսական, վարկային մեքենայությունների հետ: