Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ շատ է խոսվում դաշտում հնարավոր վերադասավորումների, քաղաքական ուժերի մասնակցության ձևաչափերի մասին: Սակայն աչքաթող է արվում այն մթնոլորտը և միջավայրը, որը ձևավորվել է մեր երկրում վերջին ընտրություններից հետո, այն, թե ինչ գաղափարական պաշարով և պատրաստվածության աստիճանով ենք մոտենում այս ընտրություններին:

Առաջին հերթին հարկավոր է նշել, որ կայանալիք ընտրությունները լինելու են առաջինը՝ նոր սահմանադրության ընդունումից հետո: Առաջինը՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգով: Փաստացի՝ այս ընտրություններին ընդառաջ՝ էականորեն աճել է կուսակցությունների ինստիտուտի դերը: Ցավոք սրտի, ՀՀ կուսակցական գործիչների և կուսակցությունների գործունեությունը, որպես կանոն, մեծ մասամբ չի համապատասխանում այն ինստիտուցիոնալ չափանիշներին, որոնցով հասարակությունը կառուցում է իր սպասումներն ու պատկերացումները դրանց մասին: Կուսակցական դաշտի բազմազանությունը և այդ կուսակցություններից շատերի ծրագրային դրույթների նմանություններն առաջացնում են խառնաշփոթ, ինչը բացասաբար է ազդում թե՛ բնակչության մի ստվար զանգվածի շահերի չարտահայտված լինելու, և թե՛ բազմաթիվ կուսակցությունների գործունեության արդյունավետության վրա: Այսպիսի իրավիճակում ենք մոտենում գալիք ընտրություններին: Ներկայում ՀՀ-ն ապրում է նախընտրական մի նոր շրջափուլ, որը բոլորիս առաջ բացելու է ընտրական համակարգի մի նոր էջ: Թե ինչպես այն կաշխատի իր նոր չափորոշիչներով, ականատես կլինենք առաջիկա գարնանը:

Այս ընտրություններին ընդառաջ՝ նկատվում է աննախադեպ քաղաքական ակտիվություն: Թեև ՀՀ քաղաքական ուժերի մեծ մասը դեմ է նոր Սահմանադրությանը, սակայն փորձելու են օգտվել դրա ընձեռած հնարավորություններից, այդպիսով մտնելով Սերժ Սարգսյանի հռչակած խաղի նոր կանոնների տրամաբանության մեջ: Դա ենթադրում է քաղաքական համակարգի որոշակի վերաֆորմատավորում եւ իշխանության ձեւավորման որոշակի սկզբունքներ: Այս գործընթացից չի կարող դուրս մնալ նաեւ իշխող ՀՀԿ-ն, ավելին, դատելով վերջին շրջանի զարգացումների տրամաբանությունից՝ այս գործընթացների թիրախը հենց ՀՀԿ-ն է:

Սակայն այսօր կառավարող հանրապետական կուսակցությունն այլևս չունի այն քաղաքական մոնոպոլիան, որին տիրապետում էր նախորդ ընտրություններին ընդառաջ: Հանրապետականն այս ընթացքում «հաջողացրեց» փոշիացնել հասարակության վստահության կապիտալը, անգամ կուսակցության ներսում և կառավարությունում հաճախակի կատարվող փոփոխությունները չօգնեցին վերականգնել երբեմնի դիրքերը: Այս փաստը, անշուշտ, սասանել է քաղաքական դաշտի միաբևեռությունը: Մի շարք նորաստեղծ քաղաքական ուժեր կարողացել են հարմարվել քաղաքական կլիմային և առնվազն փորձել որպես այլընտրանք հանդես գալ՝ ամրապնդելով ընդդիմադիր բևեռը: Այս ընտրություններին ընդառաջ՝ ավելի, քան երբևէ՝ օրակարգային է քաղաքական սերնդափոխության հարցը: Մի շարք նորաստեղծ քաղաքական ուժեր հրավիրել են քաղաքական դաշտի ուշադրությունը այս օրակարգային անհրաժեշտության վրա: Մասնավորապես, նորաստեղծ, սակայն արդեն իսկ լուրջ քաղաքական հայտ ներկայացրած «Միասնություն» համազգային շարժումը բազմիցս մատնանշել է բնական սերնդափոխության, պետության կառավարման փիլիսոփայության փոփոխության, երիտասարդ հայրենասեր անհատների, կարող ուժերի ու ինտելեկտուալ ներուժի ապահովման անհրաժեշտության մասին՝ քաղաքական լուրջ սերնդափոխությունը դիտարկելով իբրև քաղաքական դաշտի որակական բարեփոխման, երկրի զարգացման կարևորագույն նախապայման:

Գալիք ընտրությունների մյուս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ՀՀԿ-ն արդեն կարիք չի ունենա «բացարձակ մեծամասնության» եւ իշխանության խնդիրը կլուծի կոալիցիաների, կամ «ազգային համաձայնության կառավարության» միջոցով, որի մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սա ոչ միայն պարզ ընտրական հնարք է, այլեւ կուսակցության «ներքին հեղաշրջման» գործընթաց, երբ տեղերում իշխանությունից հեռացվում են հնաբնակ ՀՀԿ-ականները, որոնք ներկայացնում են ներկուսակցական տարբեր խմբավորումներին: Զուգահեռ՝ այդ խմբավորումներից մաքրվել է նաեւ նոր կառավարությունը: Գաղափարը՝ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերով ձևավորել լայն կոալիցիա և միասնաբար մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ինչպես և կարելի էր սպասել, ըստ էության, մնաց անարձագանք: Թերևս մեր ընդդիմության պառակտվածությունը և ազգային միասնության գաղափարի շուրջ միավորվելու անկարողությունն է, որ ընտրությունից ընտրություն՝ փոփոխության չի ենթարկվում: Այս ընտրություններն աչքի են ընկնելու նաև դաշինքային ֆորմատների առատությամբ: Հայաստանի անցած շուրջ քսան տարիների փորձը, որին հղում են անում դաշինքներին դեմ հանդես եկողները, բացի նախընտրական կոալիցիաների անարդյունավետությունից, ցույց է տվել նաև, թե ինչպես է փոշիանում ընդդիմադիր ընտրազանգվածը, երբ ընդդիմադիրներն ընտրություններին մասնակցում են առանձին-առանձին:

Այս ընտրություններին ընդառաջ՝ ձևավորվել է մի արտառոց իրավիճակ, երբ իշխանությունը պատրաստ է նույն Դաշնակցությանը զիջել իշխանության ինչ-որ մաս (թեկուզ փոքր)՝ 2017 թվականին ավելի սահուն վերարտադրվելու համար: Իշխանությունը պատրաստ է զիջել իր ունեցած իշխանությունից, մինչդեռ ընդդիմադիրները պատրաստ չեն զիջել իրենց չունեցած՝ ապագայում ունենալիք իշխանությունից՝ մանդատների թվից:

Մի բան պարզ է՝ այս ընտրություններն անցնելու են թեժ պայքարի մթնոլորտում, անշուշտ կլինեն նաև քաղաքական մենթալիտետի մաս դարձած խարդավանքները և «գոտկատեղից ներքև» խփելու մարտավարությունը: Բայց հաշվի առնելով նաև մեր հասարակության քաղաքացիական ակտիվության մակարդակի բարձրացումը, որը նշանակալի էր անցած տարիների ընթացքում, հասարակության լայն զանգվածների մոտ քաղաքացիական պատասխանատվության ամրապնդումը, այս ընտրությունների գլխավոր առանձնահատկությունն է լինելու քաղաքացիների՝ սեփական քվեին տեր կանգնելու վճռականությունը, ինչը քաղաքացիական գիտակցության հասունության բարձրագույն դրսևորումն է: «Որքան ուզենք՝ այնքան կխփենք» մոտեցումն իրեն սպառել է: Իրավիճակ է փոխվել….

Ստելլա Խաչատրյան