Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ի վերջո խախտեց ամիսներ տևած լռությունը, որը ներքաղաքական դաշտում բազմաթիվ շահարկումների տեղիք էր տվել: Ինչ խոսք՝ նախընտրական խմորումների այս փուլում հանրությանը հուզող գլխավոր հարցն է՝ արդյոք «Ժառանգությունը» կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին, թե՞ հաշվի առնելով այն բարդությունները, որոնք առկա են կուսակցության ներսում՝ այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը զերծ կմնա մանդատների համար պայքարից: Ռաֆֆին իրեն բնորոշ ոճում էր: Նա անգամ չհերքեց, որ «Ժառանգություն»-ում լիքը-լիքը տարաձայնություններ կան:

 

Լիքը-լիքը տարաձայնությունների տակ Րաֆֆի Հովհաննիսյանը հավանաբար նկատի ուներ այն, որ կուսակցության ակունքում կանգնած բազմաթիվ գործիչներ են լքում «Ժառանգության» շարքերը, և պատճառը, թերևս, այն անորոշության շղարշն է, որը վերջին շրջանում պատել է այս կուսակցությունը: Հենց այդպիսի խնդիրները պատճառ հանդիսացան, որ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ինչպես նաև քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը լքեն կուսակցության շարքերը: Չնայած այս՝ մեղմ ասած, տհաճ խմորումներին՝ կուսակցության լուծարման մասին հարցը Հովհաննիսյանը համարեց անտեղի: Հետաքրքիրն այն է, որ կուսակցության նախկին անդամներից երկուսը՝ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը, այժմ բանակցում են «Ազատ դեմոկրատներ»-ի հետ: Առավել հետաքրքիրն այն է, որ այս կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ևս պատգամավոր դարձել էր «Ժառանգության» համամասնական ցուցակով:

 

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «ժառանգություն»-ում քննարկում են տարբեր ձեւաչափեր եւ ընտրությանն առանձին մասնակցությունից բացի՝ դիտարկում տարբեր ուժերի հետ գործակցության տարբերակները: Տարբեր ուժերի շարքում Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Հովհաննիսյանն, առնվազն Օհանյանի մասով, գործակցությունը ոչ միայն չի բացառում, այլ նույնիսկ նախապատրաստում է՝ ներկայացնելով նախկին նախարարի առավելությունները եւ նրան տեսնելով ընդհուպ՝ երկրի ղեկավարի կարգավիճակում: Թերևս Հովհաննիսյանը մոռացության է մատնում այն փաստը, որ իր կուսակից ընկերներից՝ Զարուհի Փոստանջյանը պնդում էր՝ Օհանյանի հետ համագործակցության կարող են գնալ միայն այն դեպքում, երբ վերջինս ընդունի, որ մեղավոր է Մարտի 1-ի համար: Հովհաննիսյանը, հիշելով իր դիվանագիտական անցյալը, շատ հմուտ կերպով խուսափեց այս հարցին ուղղակիորեն պատասխանելուց, նշելով, որ մեղավոր են բոլորը: Փաստացի՝ Հովհաննիսյանն իր «ներումն» է շնորհում և անգամ պատրաստակամություն հայտնում՝ համագործակցելու նախընտրական գործընթացների շրջանակներում:


Թերևս ամենահավանական տարբերակն այն է, որ «Ժառանգություն»-ն ընդհանրապես չի մասնակցի գալիք ընտրություններին, այդ թվում՝ նաև Հովհաննիսյանի մատնանշած ֆինանսական միջոցների սղության պատճառով: Անշուշտ, Րաֆֆի Հովհաննիսյանը քաջ գիտակցում է «Ժառանգության» մեկնարկային դիրքերի թուլությունն ընտրությունների նախաշեմին, թերևս դրանով էր պայմանավորված այսքան երկար տևած լռությունը: Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնվելը կարող է նշանակել, որ «Ժառանգությանն» ի վերջո հաջողվել է ստանալ «երկրորդ պլանի» դեր գալիք ընտրություններում, որի իրականացման համար էլ Հովհաննիսյանին հետ են բերել արտասահմանյան կրուիզից, կամ էլ« Ժառանգություն»-ը, մնալով միայնակ քաղաքական դաշտում, փնտրելու է իր համար առավել հարմար դաշինքային ֆորմատը և ձգտելու ստանալ 2-3 մանդատ՝ նոր գումարման խորհրդարանում:

 

Ստելլա Խաչատրյան