ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Մարինե Մարաբյանը, պատասխանելով հարցադրմանը, թե ինչպե՞ս է պատրաստվում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և արդյո՞ք իրեն կտեսնենք ՀՀԿ-ի կազմած ռեյտինգային ցուցակում, պատասխանեց շատ կարճ և կտրուկ. «Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվում եմ այնպես, ինչպես ողջ հանրապետությունը: Անհամբերությամբ սպասում եմ: Իսկ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ինձ չեք տեսնի»:

 

Ինչո՞վ է պայմանավորված իր այս տեսակետն ու որոնք են այն պատճառները, ոստ որի, ինքը չի ընդգրկվի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում, մեր հարցադրումներին՝ պատգամավորը պատասխանեց. «Այն, որ այդ ցուցակում չեմ լինի, դա հաստատում եմ, իսկ մյուս հարցերին՝ պարզապես չեմ կարող պատասխանել»:

 

Հիշեցնենք, որ Մարինե Մարաբյանը  «Ինթերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության տնօրենն է, ով նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անկուսակցական էր, սակայն նրա թեկնածությունն առաջադրեց  ՀՀԿ-ն: Նույն այս ընտրատարածքից պատգամավոր է եղել նաև Միքայել Վարդանյանն, ով որոշել էր իր տեղը զիջել և սատարել Մարինե Մարաբյանին, որին ընտրողներն ընդհանրապես ծանոթ չէին:

 

Ու, թեև Մարինե Մարաբյանը նախկին ընտրություններից առաջ հայտարարել էր, որ ԱԺ -ում իր առաջնահերթ խնդիրը լինելու է հայրենական արտադրության և գյուղացիության շահերի պաշտպանությունը, պատգամավորական գործունեության շրջանում այդպես էլ աչքի չընկավ իր խոստումների կատարմամբ:

 

Հիշեցնենք նաև, որ Մարինե Մարաբյանը դասվում է նաև ԱԺ մեծահարուստ կին պատգամավորների շարքին: 

 

Աղավնի Սուքիասյան