«Քաղաքական դաշտում բավականին բարձր վարկանիշ ունեցող երկու գործիչ կա՝ վարչապետ Կարեն Կարապետյան և Գագիկ Ծառուկյան: Քաղաքական պրոցեսները որակական տարբեր տեսք ունեն մինչև Գագիկ Ծառուկյանի վերադարձը և դրանից հետո: Նրա՝ քաղաքականություն մուտքով՝ որոշ քաղաքական ուժերի ծրագրերը խառնվում են: Քանի որ ակնհայտ է՝ նրա գլխավորած դաշինքը կոնսոլիդացնելու է, մասնավորապես, բողոքական ընտրազանգվածի ձայները»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում խոսելով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի մասին, ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:
Վիգեն Հակոբյանը կարծում է՝ մի քանի քաղաքական ուժեր, որոնք մինչև Ծառուկյանի հայտարարությունը չգիտեին՝ ինչ ֆորմատով են հանդես գալու ընտրություններին, սպասում էին այս պահին և հիմա կփորձեն տեղավորվել դաշտում կամ նրա հետ, կամ՝ այլ ֆորմատներում: Սա նշանակում է՝ ԲՀԿ նախկին ղեկավարի վերադարձը հստակեցնում է որոշ գործընթացներ, քանի որ քաղաքական այս պրոցեսի մասնակիցների առումով, թերևս, վերջին ինտրիգն էր:
Ըստ քաղաքագետի՝ փոքր դաշինքներն ու կուսակցությունները, անկախ Ծառուկյանի ֆակտորից՝ լուրջ խնդիր ունեն ընտրական շեմը հաղթահարելու. «Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո՝ բողոքական ընտրազանգվածը, որը կարող էր այլ ուժերի հետ միանալ, այժմ կարող է միանալ Գ. Ծառուկյանին: Շատ ընտրողներ միշտ ձգտում են համեմատաբար ուժեղի հետ լինել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այն ընտրազանգվածը, որն իշխանությանը ձայն չի տալու, իր ձայները կփորձի կոնսոլիդացնել այն ուժի հետ, որն իշխանական չէ, բայց այդ դաշտում լիդեր է:
Սոնա Հարությունյան