«Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ծավալված այս քարոզարշավն ավելի կուլտուրական է անցնում, քան ես սպասում էի, եթե հաեմատենք նախորդ ընտրութունների հետ, երբ ֆեյքերն ու կեղծ համացանցային էջերը շատ էին: Հիմա ավելի կոռեկտ քարոզարշավ է ընթանում: Համացանցային տիրույթում հետաքրքրականն այն է, որ քարոզարշավ են իրականացնում նաև շատ ուշ ձևավորված քաղաքական կուսակցությունները: Բոլոր քաղաքական ուժերն օգտագործում են ֆեյսբուքը, ջանք չեն թափում այլ սոց էջերից օգտվելու համար: Այս անգամ բոլոր թեկնածուներն ունեն ֆեյսբուքյան էջեր, իսկ  նախորդ անգամ այդ թեկնածուները չգիտեին՝ ինչ է ֆեյսբուքը»,-այս մասին ասյսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ասաց  մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

 

Ասուլիսին մասնակցող բանախոս, քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը, խոսելով ընթացող քարոզարշավի մասին, շեշտեց, որ ՀՀԿ-ի գերխնդիրն է՝ իր քարոզչության թեման դարձնել դեպի ապագան, ՀՀԿ-ն  մեսիջ է ուղարկում այն մասին, թե ինչ են ուզում անել և ասվածի ապացույցն է՝ թողարկված տեսահոլովակում երիտասարդների ուրախ տրամադրությունը:

 

Վիգեն Հակոբյանը վստահ է, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է Կարեն Կարապետյանի վարկանիշը կուսակցության վրա «պռոյեկտելու» համար: Բանախոսի խոսքով՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններն առանձնանում են նրանով, որ ուժեղ պայքար է լինելու վարչապետի թեկնածուների մեջ: 

 

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ ընտրապայքարում առավել ակտիվ քաղաքական կուսակցություններից և դաշինքներից առանձնանում է «Ծառուկյան» դաշինքը և, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը. «Այս ընտրություններում հիմնական դերակատարները Գագիկ Ծառուկյանն ու Կարեն Կարապետյանն են: Գագիկ Ծառուկյանն այն քիչ մարդկանցից է, ով հանրության մեջ շատ լուրջ դրական վարկանիշ ունի և այդ վարկանիշն իր հետքն է թողնելու նաև դաշինքի վրա»: 

 

Աղավնի Սուքիասյան