Հայաստանում ՄԻՊ ինստիտուտի ձևավորումից ի վեր՝ շատ է քննարկվել այս համակարգի ներդրման արդյունավետության հարցը: Իսկ արդյունավետությունն իր հերթին՝ չափվում է հանրության վստահության մակարդակով: Այս տեսանկյունից՝ ՄԻՊ ինստիտուտը ՀՀ-ում դժվար է կայացած անվանել:
Երեկ ՀՀ նորանշանակ ՄԻՊ Արման Թաթոյանը հերթական անգամ հանդիպել էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ինչպես և ակնկալվում էր, Թաթոյանը խուսափել է հստակ պատասխանել այն հարցադրումներին, որոնք առավել սուր կերպով են առաջ քաշվում մեր հասարակության կողմից: Թեև ՄԻՊ-ը, ըստ էության, անկախ գործելու լայն լիազորություններ ունի՝ Հայաստանում օմբուդսմանի ինստիտուտը վտանգված է, քանի որ իշխանությունը դժվարությամբ է զիջում իր դիրքերը՝ քաղաքացիների բողոքների հետ բախվելիս:
Մինչդեռ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը 5-բալանոց սանդղակով չափելիս՝ միջազգային վարկանիշային կազմակերպությունները մեր երկրին տալիս են 5 բալից 3-ը: Բայց դրա հետ մեկտեղ՝ կա մեծ տարբերություն օրենսդրության, որը, կարելի է ասել՝ անգամ 3.5 բալ ունի և պրակտիկայի միջև, որի միջին ցուցանիշը 2.1 բալ է: Փաստացի, իրական քայլեր չեն կատարվում այս վիճակը շտկելու համար: Իր հերթին՝ Իշխող քաղաքական ուժն իրենից կախված ամեն ինչ արել է՝ օմբուդսմանի ինստիտուտն արժեզրկելու և վարկաբեկելու համար:
Արդյո՞ք ՀՀ ՄԻՊ-ը պատշաճ արձագանքեց ապրիլյան պատերազմի օրերին արձանագրված իրավախախտումներին: Արդյոք ըստ արժանվո՞ւյն էր կազմակերպված փաստահավաք խմբի աշխատանքը: Արդյոք հետևողական եղա՞վ դրանք միջազգային իրավական ատյաններին ներկայացնելու և հանցագործներին պատժի ենթարկելու հարցում: Մեր երկրում զեկույցներ հրապարակելը և «թուղթ մաշացնելը» դարձել է ՄԻՊ հիմնական գործառույթը: Արդյոք կշռադատվա՞ծ էր ամռանը ՊՊԾ գնդում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԻՊ արձագանքը: «Արդյոք»-ների այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել...Եթե այս պաշտոնը զբաղեցնող անձն ի վիճակի չէ իրերն իրենց անուններով կոչել և տալ թիրախային գնահատականներ, արդյո՞ք մեզ հարկավոր է այդ ինստիտուտը և արդյո՞ք մենք վստահ ենք, որ ՄԻՊ-ը պաշտպանում է մեր՝ ՀՀ քաղաքացիներիս, այլ ոչ թե տարատեսակ խմբերի և անհատների իրավունքները: Հենց այս հարցերի պատասխաններն են, որ պետք է ձևավորեն հասարակության վստահությունը՝ ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ:
Մինչդեռ ակնհայտ է, որ օմբուդսմանները փոխվում են, իսկ լիազորությունների շրջանակում ակնախ և անկաշկանդ գործելաոճն՝ այդպես էլ չդարձավ առանցքային՝ այս ինստիտուտի համար: Թերևս ժամանակն է, որ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը մեր երկրում ի վերջո կայանա: Որպեսզի լինեն լուրջ օրենսդրական փոփոխություններ և ապահովվի ՄԻՊ ինստիտուտի՝ փաստացի, այլ ոչ թե ձևական անկախությունը: Դա անչափ կարևոր քայլ է՝ իրավական երկիր կառուցելու գործում:
Ստելլա Խաչատրյան