Արարատի մարզի Զանգակատուն գյուղում հունվարի 21-ի գիշերը 17-ամյա տղա է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում գյուղապետ Էմին Սահակյանը նշեց, որ բոլորի համար անսպասելի էր կատարվածը:
Գյուղապետի տեղեկացմամբ՝ 17-ամյա Արման Թադևոսյանը նախկինում սովորում էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, սակայն չհարմարվելով, վերադարձել էր գյուղ, սովորում էր դպրոցի 12-րդ դասարանում: Էմին Սահակյանը նշեց, որ տղայի ծնողները բավական երկար ժամանակ է, ինչ ամուսնալուծված են, տղան ապրում էր հոր հետ, իսկ քույրը՝ մոր:
«Ճիտն ասած, պատճառը դեռ անհայտ է, էնպիսի բան չկար, որ ասենք՝ դրա համար է արել: Տարօրինակ ոչ մի բան չկար, դպրոց էր գնում հետո տուն, նորմալ երեխա է եղել: Ծնողներն էլ սովորական մարդիկ են, ուղղակի վաղուց ամուսնալուծված են, ինքը հոր ու տատիկի հետ էր մնում»,- մանրամասնեց գյուղապետը: Իսկ ընտանիքի ֆինանսական վիճակի մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Սոված չէին մնում, հացի խնդիր չեն ունեցել, հայրը այստեղից-այնտեղից աշխատում՝ բերում էր»:
Քրիստինա Աղալարյան