Հայաստանի ապագայի հարցում վճռորոշ նշանակություն ունեցող հարցեր ու գործոններ կան՝ որքան ուզես: Դրանց հոծ շարքերում, սակայն, գոյություն ունի մի գերխնդիր, որին հստակ պատասխան չհնչեցնելու պարագայում՝ մեր այսօրվա պայքարը կարող է նույնիսկ զրոյացվել: Իսկ հարցն այդ՝ հնչում է հետևյալ կերպ. ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ժողովրդագրական պատկերն ապագայում:
Գաղտնիք չէ, որ պայմանավորված հատկապես վերջին տարիներին երկրում շարունակաբար սրվող սոցիալ-տնտեսական պայմաններով, և ոչ միայն՝ մեր երկրի մշտական բնակչությունն անշեղորեն նվազում է: Օրըստօրե թափ հավաքող արտագաղթի վերաբերյալ կան բազմաթիվ վիճակագրական տվյալներ, կատարված ուսումնասիրություններ ու հրապարակված թվեր, որոնք, չնայած կարող են և այնքան էլ միմյանց հետ համաձայնության մեջ չգտնվել, ու, ասենք, պետական վիճակագրությունը մասնավորից էականորեն տարբերվի, բոլոր դեպքերում, սակայն, պետք է նկատել, որ բոլոր այդ ուսումնասիրությունները փաստում են՝ Հայաստանից մարդկանց ելքին ու օտար երկրներում մշտական բնակության անցնելուն վերաբերող տվյալները բացառապես աճման միտումներ են դրսևորում. հաճախ խոսք է գնում տարեկան Հայաստանից 50-60 հազ. արտագաղթողների մասին:
Այն, որ արտագաղթի արմատները շատ ավելի խորն են, քան առաջին հայացքից կարող է ոմանց թվալ, գաղտնիք չէ: Հայաստանում արտագաղթի պատճառները, թերևս, կարելի է բաժանել երկու հիմնական խմբի՝ սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակից ծնունդ առնող արտագաղթ և երկրում տիրող համընդհանուր մթնոլորտից բխող գաղթ: Ընդ որում՝ պետք է նկատել, որ, որքան էլ կարող է տարօրինակ հնչել՝ երկրորդ գործոնը երբեմն շատ ավելի կարևոր դերակատարում է ունենում մարդկանց որոշում կայացնելու հարցում, քան՝ առաջինը. Հայաստանից արտագաղթում են ոչ այնքան հարուստ չապրելու, որքան անարդարության մթնոլորտից խույս տալու նպատակով: Ասել կուզի՝ մարդկանցից շատերին Հայաստանը վանում է ոչ թե իր աղքատությամբ, այլ՝ ներքին վատառողջ մթնոլորտով. համատարած անհուսություն է տիրում:
2017-ի խորհրդարանական ընտրությունների՝ Հայաստանի ճակատագրի վրա ունենալիք ազդեցության մասին, թերևս, շատ է խոսվել: Խնդիրն այս՝ դիտարկվել է բազում դիտակետերից՝ սկսած հասարակական-քաղաքական, վերջացրած գաղափարական-փիլիսոփայական: Այդ բոլոր դիտարկումներում, սակայն, սույն խնդիրը պատշաճորեն դիտարկված չէ այն խնդրի դիտանկյունից, որի մասին այժմ խոսք է գնում. վիճակագրությունն է աներկբայորեն փաստում՝ յուրաքանչյուր կեղծված ընտրություններից հետո Հայաստանից արտագաղթող բնակչության թիվը կտրուկ ավելանում է:
Սրա հետ կապված հարց է ծագում՝ գիտակցո՞ւմ են, արդյոք, իշխանություններն այն հսկայական պատասխանատվությունը, որ այժմ ծառացել է նրանց առջև՝ կապված 2017-ի ընտրությունները հավուր պատշաճի անցկացնելու հետ: Հասկանո՞ւմ են արդյոք, որ եթե այս ընտրություններն էլ իրենց տրամաբանությամբ չտարբերվեն արդարությամբ առանձնապես աչքի չընկած մյուս նախորդներից, մեզ լավ բան չի սպասվում. հասարակությունը կարող է ոչ միայն լուռ հիասթափություն ապրել ու այդ հիասթափությունն արտահայտել արտագաղթելով, այլ՝ ոտքի կանգնել ու գնալ ծայրահեղ քայլերի. Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների մասշտաբներն այնպիսին են, որ նման սցենար ոչ մի կերպ չի կարող բացառվել:
Դատելով, սակայն, ինչ-ինչ հանգամանքներից, ասենք, նույն ընտրատեղամասերում տեղադրվելիք տեսախցիկների շուրջ ստեղծված ողջ պատմությունից, երբ Դավիթ Հարությունյանը վերջերս հայտարարել էր, թե հնարավոր է՝ ընտրատեղամասերում տեսախցիկներ չտեղադրվեն էլ՝ փող չլինելու պատճառով, վերևներում այնքան էլ լուրջ չեն մոտենում ընտրակեղծարարությունների դեմ անհրաժեշտ պայքարի հարցին. ամեն բան կարծես կրում է ավելի շատ իներցոն բնույթ:
Կասկածից վեր է՝ Հայաստանն՝ ի դեմս իշխանությունների, այլևս սպառել է ունեցած բոլոր ռեսուրսներն՝ ընտրակեղծիքներ թույլ տալու. ժողովուրդն է իշխանություն ձևավորում, ժողովուրդն էլ իրավունք ունի ընտրությունների միջոցով կամարտահայտվելու, ու ցանկացած ճնշում այդ կամարտահայտման դեմ՝ պետք է ի սկզբանե բացառվի…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ