ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն աշխատանքի վերջին ժամերին 221 միլիոն դոլար է փոխանցել Պաղեստինի Ինքնավարությանը, ինչի դեմ երկար ժամանակ հանդես էին գալիս ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Հանրապետական կուսակցության անդամները: Հունվարի 23-ի երեկոյան այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը մոտ կանգնած աղբյուրներ:
Գործակալության տվյալներով՝ վարչակազմն իր մտադրության մասին Կոնգրեսին գրավոր պաշտոնապես ծանուցել է հունվարի 20-ի առավոտյան՝ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելուց մի քանի ժամ առաջ:
Նախկին նախագահական վարչակազմի այդ որոշումը կարող է հարուցել Կոնգրեսի առանձին անդամների, ինչպես նաեւ իր իսկ Թրամփի եւ նրա շրջապատի բացասական արձագանքը, նշել է գործակալությունը: Նախընտրական արշավի ընթացքում Թրամփը խոստացել է կարգավորել Իսրայելի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնք, նրա կարծիքով՝ փչացրել է Օբամայի վարչակազմը:
ԱՄՆ-ի նոր նախագահն արդեն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին հրավիրել է փետրվարին այցելել Սպիտակ տուն, ինչպես նաեւ հավանություն է տվել Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխմանը Երուսաղեմ, թեեւ, ինչպես հունվարի 23-ին հավաստիացրել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը, այդ որոշումը դեռ չի ընդունվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: