Գաղտնիք չէ, որ Էներգետիկ ոլորտը մեր հանրապետության համար մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ամենախոցելի ոլորտներից մեկն է հանդիսանում: Ոլորտի ֆինանսատնտեսական վիճակը, մեղմ ասած, գնահատվում է ոչ բավարար, կառավարումը՝ անարդյունավետ։ Համակարգի առանցքային օղակներից մեկում՝ բաշխիչ ցանցերում, նախատեսվածից անհամեմատ բարձր է կորուստների մակարդակը։ Սրանք խնդիրներ են, որոնք, չլուծվելու դեպքում, հետագայում լուրջ բարդություններ են առաջացնելու ..
Չնայած Հայաստանն ունի էժան հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության ամենամեծ չափաբաժինը, թանկ բնական գազով արտադրվող էլեկտրաէներգիայի ամենափոքր չափաբաժինը և ատոմային էներգիայով արտադրվող ոչ թանկ էլեկտրաէներգիայի զգալի չափաբաժին, այնուամենայնիվ, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ամենաբարձրերից է աշխարհում: Արդյոք ոլորտի պատասխանատուները գիտակցո՞ւմ են, որ Հայաստանոմ գործող բարձր սակագինը հետևանք է.
ա) էներգետիկ ընկերությունների կողմից պետական սեփականություն հանդիսացող քիմիական գործարաններին և պետական պաշտոնյաների կողմից վերահսկվող հիմնադրամներին կատարվող ֆինանսական փոխանցումների,
բ)էլեկտրաէներգիայի վարձերի չվճարումների և
գ) անպատասխանատու գնային քաղաքականության:
Ենթադրվում է, որ այսօրվա սակագների պայմաններում՝ կոռուպցիոն այս գործունեության արդյունքում բնակչության կրած կորուստները կկազմեն առնվազն տարեկան 250 միլիոն ԱՄՆ դոլար (կամ՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքի մոտ 2.5% -ը), որի զգալի մասը, հավանաբար, տեղ կգտնի էներգետիկ ոլորտը կարգավորող և կառավարող պետական կոռումպացված պաշտոնյաների բանկային հաշիվներում:
Հայաստանի էներգետիկ հզորությունները և ենթակառուցվածքները ֆիզիկապես և բարոյապես մաշված են, ֆինանսական ներդրումների բացակայության պատճառով չեն արդիականացվում և, հետևաբար, Հայաստանը ժամանակի ընթացքում ընդհանրապես կզրկվի էներգետիկ համակարգից և ստիպված կլինի էլեկտրաէներգիա ներմուծել Ռուսաստանից կամ Վրաստանից, եթե ժամանակին չգործադրվեն անհրաժեշտ ջանքերը՝ ոլորտը նման ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը չի կարողանում հստակ պատասխանել նաև հասարակությանը հուզող մեկ այլ հույժ կարևոր հարցի՝ արդյոք անվտա՞նգ է ՀԱԷԿ-ը, արդյո՞ք տեխնիկական ապահովությունը բարձր մակարդակի վրա է, եթե այո, ապա ինչո՞ւ է վթարների թիվը ՀԱէԿ-ում օր-օրի աճում, թե՞ ինչպես միշտ՝ պարզապես աչք է փակվում առկա խնդիրների վրա՝ ֆինանասնական ռեսուրսներ չունենալու կամ այլ պատճառաբանությամբ:
Մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդիր է արևային համակարգերի ներդրումը մեր երկրում, որոնց հարցում էլ, կարծես, նախարարությունը չի շտապում: Որքան էլ որ վարչապետի փոխնախարար փեսա Հայկ Հարությունյանն այս ուղղությամբ առաջարկում է Քեմբրիջյան համալսարանին վայել մտքեր և նախագծեր, սակայն որևէ կառուցողական քննարկում, ներդրումների ներգրավման որեւէ ծրագիր՝ չի ուրվագծվում: Արդյունքը շոշափելի չէ:
Եվ վերջապես՝ հնարավոր չէ չանդրադառնալ փոքր ՀԷԿ-րի խնդրին, հատկապես այն պարագայում, երբ նախարարությունն ինքը չի կամենում այդ անդրադարձը կատարել: Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի տեխնիկական հագեցվածության մակարդակը բավականաչափ ցածր է, ինչը բացասաբար է ազդում ինչպես էլեկտրական էներգիայի արտադրության, այնպես էլ ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության վրա։ Հուսանք, որ գոնե այս հարցում՝ նախարարությանը կհաջողվի ներդնել տեխնիկական այնպիսի չափանիշներ, որոնք պայմաններ կստեղծեն այդ իրավիճակը շտկելու համար։ Հակառակ պարագայում՝ ոլորտի հաջողությունների մասին խոսելը ոչ այլ ինչ է, քան պոպուլիզմի հերթական դասական դրսևորում:
Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ