Այլևս վերջ. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջնականապես որոշեց՝ կլքի ՀՀԿ-ն՝ հետևում թողնելով տասնամյակներ շարունակ այդ կուսակցության համար իր արածն ու չարածը:

 

Հիշեցնենք, որ Հովիկ Աբահամյանը ՀՀԿ-ի այն անդամներից էր, որ տարիներ շարունակ զբաղեցրել է պետության համար կարևոր և առանցքային նշանակություն ունեցող պաշտոններ՝ փոխնախարարից մինչև ՀՀ վարչապետ՝ համապետական ընտրությունների ժամանակ էլ գլխավորելով Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը:

 

Հիմա, այդ առանցքային դերակատարություն ունեցող պաշտոնյան լքում է երբեմնի հարազատ կուսակցությունը՝ չբացելով փակագծերը:

 

Սակայն, պարզվում է, որ «Հանրապետական» կուսակցության շարքերը նվազելու միտում ունեն, և այդ կուսակցությունից հրաժարվողների թիվն ավելանալու է: Մասնավորապես, երեկ արդեն հայտնել ենք, որ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը դադարեցրել է իր անդամակցությունը՝ ՀՀԿ-ին: Նրանից բացի՝ ՀՀԿ-ին անդամակցության դադարեցման վերաբերյալ դիմում է ներկայացրել նաեւ Գայանե Սողոմոնյանի և Իշխան Զաքարյանի որդին՝ Վարդան Զաքարյանը:

 

Այսօր արդեն մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ ՀՀԿ-ից կհեռանան Հովիկ Աբրահամյանի ազգականներից՝ պատգամավոր Գայանե Պողոսյանն ու նրա հետ փոխկապակցված բարեկամներից ոմանք: 

 

Խոսվում է նաև այն մասին, որ առաջիկայում ՀՀԿ-ից դուրս գալու դիմում կգրի նաև իրեն հեղինակություն համարող Մհեր Սեդրակյանը: Հաշվի առնելով Մհեր Սեդրակյանի դերակատարությունը համապետական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի համար ձայներ ապահովելու առումով, պարզ է դառնում, որ նախկին կուռ կառույցի ներսում խժդժությունները գնալով խորանում են, որի հետևանքով էլ անսասան թիմակիցները ցանկանում են լքել ՀՀԿ-ն:

 

Իսկ արդյունքում ստացվում էր, որ Սերժ Սարգսյանից հեռանում են այն մարդիկ, ում նա, հավանաբար, նեղացրել է՝ շախմատային դիվանագիտությանը բնորոշ քայլերով պաշտոններ տալով ու վերցնելով: Ու թեև հնչում են կարծիքներ, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանի հեռանալով ՀՀԿ-ում շատ բան չի կարող փոխվել և անհաժեշտւթյան դեպքում՝ իշխող ՀՀԿ-ն նրան կարող է վերագրել տարատեսակ մեղքեր, բայց ակնհայտ է մի բան. եթե այդ կուսակցությունից հեռանան նաև այլ առանցքային դեմքեր, ապա իրավիճակը կարող է բեկումնային լինել՝ ՀՀԿ-ի համար անկանխատեսելի ելքով: 

 

Աղավնի Սուքիասյան