ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել էր «յառի պետական կառավարիչների ողնաշարը ջարդել»: Ուշագրավ է հատկապես այն, որ հենց վարչապետի որոշմամբ է Արման Սահակյանը գնում արձակուրդ, ի դեպ՝ մինչև ապրիլի 3-ը: Հարց է առաջանում՝ այս ամսվա մեջ ինչպե՞ս է հասցնելու իրականացնել վարչապետի հանձնարարականը, վայելելու է արձակո՞ւրդը, թե՞...:
Պարզելու համար՝ Արման Սահակյանը ե՞րբ և ինչպե՞ս է պատրաստվում կատարել վերադասի հանձնարարականը.
«Հուսով եմ՝ ուղիղ իմաստով չեք հասկացել»,- ԼՈւՐԵՐ.com-ի հարցը լսելուն պես կատակեց Պետական գույքի կառավարման վարչության մամուլի քարտուղար Մարգարիտա Սարգսյանը:
«Արման Սահակյանի արձակուրդում գտնվելը դեռ չի նշանակում, որ դադարում է հիմնարկի գործունեությունը: Թեև վարչության պետը արձակուրդում է, սակայն վարչությունը շարունակում է աշխատել և նրան փոխարինում է իր տեղակալ Աշոտ Մարկոսյանը», - ասաց Մարգարիտա Սարգսյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այդ խնդիրը լուծում է վարչությունը՝ կատարելով պետական բաժնեմաս ընկերությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգ: Եվ դրանց արդյունքների ուսումնասիրության, համադրման և վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ կան ընկերություններ, որոնք արդյունավետ չեն գործել. «Այժմ աշխատանքներ են իրականացվում, շատ արագ, նման ընկերությունները բացահայտելու, պատճառները հասկանալու և մեղավորներին պատժելու ուղղությամբ»:
Նշենք, որ Արման Սահակյանը պատրաստվում է առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ այս ընթացքում արդյո՞ք ժամանակ կգտնի ողնաշարեր ջարդելու՝ դժվար է ասել, սակայն մի բան անհերքելի է՝ այդ տնօրեններին նույն Արման Սահակյանն է իրենց պաշտոններին նշանակել, եթե անգամ ինքն էլ չի նշանակել, ապա երկար ժամանակ ղեկավարել է նրանց աշխատանքը, հետևություն կարող ենք անել, որ Արման Սահակյանին բավարարել է չաշխատող տնօրենների աշխատանքը:
Որպես հումոր: Մենք կապ հաստատեցինք մի քանի բժշկական կենտրոնների հետ՝ պարզելու, թե այս ընթացքում ողնաշարի կոտրվածքներով քանի՞ պետական կառավարչի են ընդունել: Սակայն, հիասթափվեցինք. մեր հարցմանը պատասխանեցին բացասական:
Հիշեցնենք՝ Օրեր առաջ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ դիմելով Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել էր. «Մենք լիքը գույք ունենք, ինձ թվում է, որտեղ տնօրենը տարեց տարի վատ թվեր է բերում, ո՛չ տնօրեն ենք հանում, ո՛չ մի բան չենք անում: Չի դզվելու դա: Չի կարելի էլի էս ամեն ինչը հանդուրժել այսպես՝ հանգիստ: Իսկ էն յառի պետական կառավարիչները, որ տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արման, էս ամսվա մեջ բոլորի ողնաշարը կջարդես: Կոռե՞կտ է ձևակերպված հանձնարարականս»:
Սոնա Հարությունյան