Մեկ շաբաթ հացադուլի և ջրադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի՝ դադարեցնում է հացադուլը.
«Ես դադարեցնում եմ հացադուլը և ջրադուլը: Չեմ ցանկանում իմ արդարացի և օրինական պահանջի արդյունքը վայելել խեղված կամ հաշմանդամ դարձած: Ես չեմ կարող բեռ դառնալ ընտանիքիս համար:
Ես խոսք ունեմ ասելու՝ հատկապես դատարանում, և ես չեմ ցանկանում դատարան գնալ պատգարակով կամ մթագնած գիտակցությամբ:
Պայքարս շարունակելու եմ:
Տառապանքով վաստակած արդարությունն առավել քաղցր է լինելու...»:
Նշենք, որ Ներսես Պողոսյանի վիճակը ծայրահեղ ծանր էր, արդեն 7 օր է հրաժարվել էր նաև ջրից, մինչ այս էլ 30 օր հացադուլ էր արել: Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Ներսես Պողոսյանի կինը՝ Լիա Պողոսյանը հորդորել էր Ներսեսին դադարեցնել հացադուլը, սակայն վերջինը չէր համաձայնել և նա կոչով դիմում էր դաշիքներին ու կուսակցություններին որևէ բան անել՝ առաջարկելով համախմբվել և պահանջել ազատ արձակել «մի անմեղ մարդու»:
Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն ասել է, որ ՄԻԵԴ դիմելու ուղղությամբ են աշխատում, որի նախապատրաստական աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին: Մինչ Ներսես Պողոսյանի հայտարարությունը, փաստաբանն ասել էր, որ անկախ նրանից՝ Ներսես Պողոսյանը կդադարեցնի ջրադուլն ու հացադուլը, թե ոչ, միևնույն է՝ ինքը դիմելու է ՄԻԵԴ. «Դատարանն ապօրինի որոշում է կայացրել: Դատարանում կալանքի հարցն է քննարկվում, սակայն դատավորը Ներսես Պողոսյանին ասում է՝ եթե վատ ես զգում, քեզ կարող ենք տեղափոխել տալ ՔԿՀ, իսկ որոշումը կլսի պաշտպանդ: Այսինքն՝ դատավորը, նախքան խորհրդակցական սենյակ գնալը, որոշել է, որ կալանքը երկրացնելու է և Ներսես Պողոսյանը մնալու է ՔԿՀ-ում»:
Հիշեցնենք՝ Ներսեսն արդեն 8 ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ: Ներսես Պողոսյանի կալանքի ժամկետը կրկին երկարացվել էր երկու ամսով և այդ որոշմանն ի պատասխան Ներսես Պողոսյանը դատարանում հայտարարել էր անժամկետ հացադուլ և ջրադուլ, միաժամանակ հրաժարվել էր որևէ բուժօգնությունից։ Նա այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
Սոնա Հարությունյան